Ընտանիք, որտեղ 9 տարվա համատեղ կյանքը սերն ապրապնդվել է, ջերմությունը մեծացել և միմյանց ներկայությունը սովորական չի դարձել. սա է Հրանուշ Մնոյանի երջանկության բանաձևը։ Դերասան Գոռ Հակոբյանի կինը՝ Հրանուշը, Մայրության տոնին ընդառաջ ֆոտոշարք է անցել որդիների հետ, որը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել ընտանեկան կյանքի, մայրիկ լինելու հաճելի պարտականության և սիրված կին լինելու մասին։
Երկու որդիների խնամքը Հրանուշի համար հաճելի պարտականություն է։ Ասում է` միակ բարդությունն այն է, որ երկու երեխան էլ տղան են, այլ դժվարություն, որպես այդպիսին, չունի։ Չնայած Գոռի զբաղվածությանը` կինը նշեց, որ դժգոհելու առիթ չունի, նա միշտ անմիջական ներկայություն ունի ընտանիքում։
«Երբ ինչ–որ հարց է առաջանում, որին լուծում տալ չեմ կարողանում, Գոռն անմիջապես օգնության է հասնում։ Նա իսկապես շատ է օգնում ինձ` չնայած իր շատ մեծ զբաղվածությանը։ Երբ տանն է և աշխատանքով զբաղված չէ, ժամանակը տրամադրում է ընտանիքին։ Տղաների հետ և՛ զրույցներ է ունենում, և՛ խաղեր է խաղում»,– ասաց նա ու հավելեց, որ երեխաների հանդեպ ավելի խիստ լինելու դերը Գոռին է վստահված, թեև անհրաժեշտության դեպքում ինքն էլ է կարողանում խիստ լինել։
«Մեր երեխաները շատ ակտիվ են, բայց ոչ չար։ Զարմանալի է, բայց միայն երկուսիս են լսում։ Եթե շատ են չարաճճիություն անում և հասկանում եմ, որ այդ պահին ինձ չեն լսում, ասում եմ` հիմա կզանգեմ Գոռին։ Սակայն հազվադեպ է հերթը հասնում դրան։ Մեր երեխաները նաև շատ «կուլտուրական» են. «կարելի՞ է», «շնորհակալ եմ», «խնդրեմ» արտահայտություններն ասելու համար նրանց հատուկ հիշեցնել պետք չէ»,– ասաց Հրանուշը։
Մոտ մեկ տարի է` դերասանի կինը նաև աշխատում է։ Սկսել է սեփական բիզնեսը` օնլայն խանութ ունի, որը նախատեսում է ընդլայնել։ 7 տարեկան Վարդանի և 4 տարեկան Ֆելիքսի խնամքն աշխատանքի հետ համատեղելը մայրիկին բարդ չի տրվում։
«Չեմ ուզում շատ ճոխ հնչի, բայց ես շատ մեծ էներգիա ունեմ և կարողանում եմ ամեն ինչ հասցնել։ Օգնող չունեմ, որովհետև մայրիկս Ռուսաստանում է ապրում, սկեսուրս` Գյումրիում, իրենք միայն հյուր են գալիս մեզ։ Ես արդեն սովոր եմ ամեն ինչ ինքնուրույն անել ու հասցնել։ Հազվադեպ է լինում, որ հոգնեմ, միշտ էներգիա ունեմ»,– պատմեց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am