Հետնաբեմում փոքր-ինչ լարվածություն է, դերասանները վերջին համատեղ լուսանկարն են անում ու որոշակի հուզվածությամբ շտապում բեմ. Դրամատիկական թատրոնում ներկայացումները, որպես կանոն, չեն ուշանում, թեև երեկ գլխավոր փորձն էր։ Tert.am Life-ը ֆիքսել է երեկոյի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին և խոսել ոչ միայն բեմադրիչի, այլև թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամների հետ։
Բեմում արդեն թեթև տրամադրություն է. այսօր կատակերգություն են խաղալու։ Չնայած բեմադրիչը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանը, զգուշանում է այն կատակերգություն անվանել, ասում է՝ դրական լիցքեր փոխանցող ներկայացում։
Պատմությունը, իհարկե, ունի իր խնդիրներն ու ընտանեկան ինտրիգները, սակայն ամեն բան ներկայացված է թեթև ու հումորով. չէ՞ որ այս անգամ նպատակը հանդիսատեսին դրական ժամանցով ապահովելն է։
Բաբկեն Չոբանյանի, Նարինե Պետրոսյանի, Արտաշես Մխիթարյանի, Մարիամ Ադամյանի, Նիկոլայ Ավետիսյանի, Էվելինա Շահիրյանի, Էրիկ Սարգսյանի, Էմմա Մանուկյանի և Ալիսա Մելիքսեթյանի մասնակցությամբ նոր ներկայացումը կոչվում է «Տիկնայք և պարոնայք»՝ «Մի սիրային նամակի պատմություն» ենթավերնագրով։
«Կարծում ենք ուրախ, հսկայական դրական էներգիայով մեկուկես ժամ տևողությամբ ներկայացում է։ Մենք մեր խաղացանկում շեքսպիրյան գործեր էլ ունենք, դրամաներ էլ, ողբերգություններ էլ, չասեմ՝ սա կատակերգություն է, բայց այս շատ դրական լիցքեր հաղորդող գործով ուզում ենք մեր հանդիսատեսին պարգևել ուրախ և, ինչու ոչ, որակով, մակարդակով ժամանց,- ասաց Խանդիկյանն ու հավելեց, որ պիեսը վերջին ժամանակներում է գրվել,- երևի, 4-5 տարի առաջ է գրվել։ Անգլիացի հեղինակներ են, անգլիական հրաշալի երկխոսություններ և հումոր, սակայն ոչ էժան իմաստով»։
Հանդիսատեսի շարքերում թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամներն են, որոնք ներկայացումից հետո նիստ ունեն, անձնակազմին պետք է հայտնեն իրենց կարծիքն ու դիտարկումները։ Պրեմիերային քիչ ժամանակ է մնացել։
Արմեն Խանդիկյանն իր խոսքում նշեց, որ ներկայացումն անսպասելի է։ Իր գնահատականում նա դիպուկ էր։ Անսպասելիությունն առաջին տպավորությունն էր, որ հայտնեց նաև թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ Հրաչյա Հարությունյանը։
Ամբողջությամբ՝ life.tert.am