
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան Ինստագրամի իր էջում տեղադրել է հոլովակ, որտեղ արտասանում է Հովհաննես Շիրազի բանաստեղծություններից։
Հոլովակին կից Ժաննան գրել է․ «Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհում նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ի հիշատակ XX դարում ազգային պատկանելիությամբ պայմանավորված առաջին կոտորածի զոհերի, որը տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում։ Հայոց ցեղասպանության զոհերի ընդհանուր թիվը մինչև օրս վերջնականապես հայտնի չէ։ Ավելի հաճախ հնչում են տվյալներ, որ 1915-ից մինչև 1918 թվականները Օսմանյան կայսրության կողմից բնաջնջվել է 1-1,5 միլիոն հայ»։
Հիշատակելով իր հրեա լինելը՝ Ժաննան նշել է, որ իր ազգը նույնպես ենթարկվել է կոտորածի, այդ հրեշավոր իրողությունը գիտի և ընդունում է ամբողջ աշխարհը։ Ժաննայի շեշտել է, որ ինքն ուզում է, որ հայերի ցեղասպանության փաստը նույնպես իմանան հնարավորինս շատ մարդիկ, աշխարհն աչք չփակի դրա վրա։ Դերասանի կինը նշել է նաև, որ պետք է կարողանալ ընդունել անցյալը և պատասխան տալ դրա համար։
Ամփոփելով գրառումը` Ժաննան գրել է․ «Առանց անցյալի սխալները գիտակցելու, երբեք չի լինի հանգիստ և պայծառ ապագա»։