Շենգենյան համաձայնագրի վերանայումը կարող է փակել դրան Ռումինիայի և Բուլղարիայի միանալու հնարավորությունը: Այս կարծիքը հայտնել է Բրյուսելում ՌԻԱ Նովոստիի դիվանագիտական աղբյուրը:
«Բարեփոխումը, որն ի նկատի ունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, կարող է Ռումինիայի և Բուլղարիայի համար փակել Շենգեն մտնելու հեռանկարը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Մակրոնն ապրիլի 25-ին հայտարարել է, որ Շենգենյան տարածքի կազմակերպումն անհրաժեշտ է վերանայել և, հնարավոր է, դրանից բացառել նրանց, ովքեր «չեն ցանկանում ապահովել ընդհանուր սահմանները»:
Եվրահանձնաժողովի եզրակացության համաձայն, որը հրապարակվել է 2018 թվականի նոյեմբերին, Ռումինիան, ի տարբերություն Բուլղարիայի, չի ապահովել այն բանին իր պատրաստ լինելը, որ մինչև 2019 թվականի վերջը կավարտի Շենգեն մտնելու համար անհրաժեշտ նախապատրաստական ընթացակարգը:
Ներկայում Շենգենյան համաձայնագրի մասնակիցներ են Եվրամիության 28 երկրներից 22-ը: Մեծ Բրիտանիան, Իռլանդիան և Կիպրոսը չեն մտնում Շենգենի մեջ, իսկ Ռումինիան, Բուլղարիան և Խորվաթիան գտնվում են հանրակցությանն անդամակցելու ճանապարհին:
Եվրոպայի ղեկավարները քանիցս հայտարարել են, որ Շենգենյան գոտու գոյությունը լուրջ սպառնալիքի տակ է գտնվում միգրացիոն ճգնաժամի կապակցությամբ, որին բախվել է ԵՄ-ն, և որը մի շարք երկրների հարկադրել է ժամանակավոր վերահսկողություն հաստատել սահմաններում:
Երրորդ պետությունների քաղաքացիներին, որոնք ԵՄ են մտնում Բուլղարիայի և Ռումինիայի տարածքով, անհրաժեշտ են այցագրեր: Բացի այդ, Բուլղարիայի և Ռումինիայի քաղաքացիները չեն կարող օգտվել ԱՄՆ-ի և Կանադայի հետ ԵՄ-ի անայցագիր ռեժիմից, քանի որ այն տարածվում է միայն այն պետությունների վրա, որոնք մտնում են Շենգենյան գոտու մեջ: