«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է Նիկոլայ Եղիազարյանը: Մենք փորձել ենք բացահայտել նրան նոր, անսպասելի ռակուրսից: Նիկոլայը խոսել է իր առավելությունների, թերությունների, դերասանին բնորոշ խառնվածքի մասին: Նա խոստովանել է, որ կնոջ համար իր հետ հեշտ չէ, բայց միեւնույն ժամանակ նկատել է, որ ունի այնպիսի բացառիկ հատկություններ, որոնք քչերի մոտ կարելի է գտնել: Դերասանի խոսքով՝ սիրո հարցում ինքը նվիրվող է եւ անկեղծ: Նիկոլայը պատկերացրել է, թե ինչպիսին կլինի 20 տարի անց՝ բարի, հետաքրքիր ու «խելագար» պապիկ:
-Նիկոլա՛յ, ի՞նչ փոխեց Ձեր կյանքում էկրանի մարդ լինելը: Դրանից հետո ինչպիսի՞ն դարձաք:
-Դարձա ավելի զգուշավոր, պատասխանատու, էմոցիոնալ: Սկսեցի նկատել բաներ, որ մյուսները չեն նկատում: Հետո այնպես արեցի, որ նրանք էլ դա տեսնեն:
-Մանուկ հասակում եղել եք ծնողների վստահելի տղա՞ն, որը պետք կատարեր ամենապատասխանատու գործերը, թե՞ չարաճճի, երես առած երեխա:
-Տարիներ առաջ, որպես տան փոքր, երբեմն ինձ անպարտաճանաչ մարդու պես եմ պահել, բայց վտանգավոր բաներ չեմ արել:
-Եթե մեկ օրով կին դառնայիք, ի՞նչ կանեիք, ինչպե՞ս կօգտագործեիք այդ հնարավորությունը:
-Ես չեմ պատկերացնում նման բան անգամ մեկ ակնթարթով:
-Եթե մեկ շաբաթ ազատ ժամանակ «օդից ընկներ», ի՞նչ կանեիք, ինչպե՞ս կտնօրինեիք այն:
-Այնպես կանեի, որ այդ ազատությունը լցվեր հետաքրքիր մարդկանցով, հոգեւորով:
-Դետեկտի՞վ, մելոդրա՞մ, թե՞ ֆանտաստիկ ֆիլմ: Ո՞ր ժանրն է հոգեհարազատ:
-Մելոդրամա:
-Ո՞ր տեսակի մարդկանց եք սովորաբար չեզոքացնում Ձեր շրջապատից:
-Նրանց, որոնք իրենց տեսակով ինձ ոչինչ չեն տալիս, սառն են, նեգատիվ, չհասկացված: Այդպիսի մարդկանցից լուռ եւ դանդաղ հեռանում եմ:
-Պատահականությունների հավատու՞մ եք, թե՞ այն համոզման եք, որ պատահական ոչինչ չի լինում:
-Միանշանակ հավատում եմ:
-Ամենազարմանալի բանը, որ երբեւէ Ձեզ հետ տեղի է ունեցել, մտաբերե՛ք որեւէ դեպք:
-Ինձ հետ հաճախ են նման բաներ լինում. խառնվածքս է այդպիսին: Բայց չեմ կարող մի բան առանձնացնել:
-Ի՞նչ հատկություններ եք ժառանգել ծնողներից:
-Զսպված, հյուրասեր, նվիրված լինելը:
-Սիրո հարցում ինչպիսի՞ն եք:
-Նվիրվող, անկեղծ:
-Ո՞րն է Ձեր հաջողության բանաձեւը:
-Երեւի մարդկային վերաբերմունքը:
-Երեք իր, առանց որոնց կյանք չունեք:
-Վզնոցս, որն արդեն քանի տարի է՝ կրում եմ, ծխախոտ, առանց որի, իսկապես, բացարձակ չեմ պատկերացնում իմ առօրյան, եւ բջջային հեռախոսը:
-Ձեզ՝ որպես տղամարդու, գոհացնելը հե՞շտ է: Անձնական կյանքում բծախնդի՞ր եք:
-Ինձ հետ հեշտ չէ, բայց, միեւնույն ժամանակ, ունեմ հատկություններ, որոնք մյուսների մեջ չեք գտնի: Ամեն դեպքում, փորձում եմ գոհացնել այն մարդկանց, որոնք իմ կյանքում շատ կարեւոր տեղ ունեն, ընդունում են ինձ` իմ լավ ու վատ կողմերով հանդերձ:
-Շարունակե՛ք միտքը. «Իմ կինը միշտ դժգոհում է այն բանից, որ…»
-Էմոցիոնալ եմ եւ անկանխատեսելի: Դեռեւս այսքանը: Ասեմ, որ նա դժգոհությունները հաճախ ցույց չի տալիս:
-Ինչպե՞ս եք վերաբերվում այն մարդկանց, որոնք ամեն բան ասում են երեսին:
-Շատ նորմալ, ես թողնում եմ, որ այն, ինչ իմ մասին մտածում են, ասեն: Դա իսկապես հետաքրքիր է ինձ համար:
-Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեզ 20 տարի անց:
-Չեմ կարծում, որ հաջորդ 20 տարում իմ կյանքում այնքան բան կփոխվի, որքան վերջին 20 տարում: Բայց երեւի կլինեմ ամենաբարի, խենթ ու խելագար պապիկներից (ծիծաղում է):
-Ո՞վ է Ձեր սիրելի հեղինակը:
-Ժամանակակիցներից` Էդգար Կոստանդյանը:
-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:
-20 տարի հետո իմ կերպարի հետ կապված հարցը. երբեւէ չէի մտածել այդ մասին (ծիծաղում է):