Իլոն Մասկի ղեկավարած ընկերությունն ամեն ինչ անում է, որ իրենց արտադրած մեքենաների տերերն անելիք չունենան, իսկ մյուս վարորդներն էլ լուռ նախանձեն։
Իլոն Մասկի ղեկավարած Tesla ընկերությունը նոր ծրագրային թարմացում է թողարկել իր էլեկտրական մեքենաների համար, ինչի շնորհիվ մեքենաներն ինքնուրույն կկարողանան հետազոտել ավտոմասերի սարքին լինելը, և եթե տերը ցանկանա, մեքենան ինքնուրույն կպատվիրի անհրաժեշտ պահեստամասը։ Այս մասին հայտնում է news.com.au-ն։
Եթե մեքենան որևէ հատվածում անսարքություն հայտնաբերի, կարող է անհրաժեշտ դետալն ինքնուրույն պատվիրել մոտակա վերանորոգման կենտրոնում։ Մեքենայի տերն էլ կարող է Tesla-ի հատուկ հավելվածում ավելացնել «այսինչ ժամին վերանորոգման կենտրոնի հաճախում» նշումը, և պատվիրված դետալն այդ ժամին կենտրոնում կսպասի պատվիրատուին։
Այս գործառույթը ընկերության աշխատակիցները համեմատում են գործողությունների հետևյալ հաջորդականության հետ` բաց թողնել բժշկի մոտ այցելությունը և ուղևորվել միանգամից դեղատուն՝ անհրաժեշտ դեղը գնելու համար։
Մի խոսքով, նորամուծությունը շատ արագ կլուծի մեքենայի նորոգման հարցը։ Արդեն չենք զարմանա, եթե շուտով լսենք, որ այս ավտոմեքենաները ոչ թե կապ են հաստատում նորոգման կետերի հետ ու դետալ պատվիրում, այլ իրենք իրենց համար հանգիստ ինքնանորոգվում են։