Պանրի գործածումը կարող է օգնել ինսուլինի հանդեպ ռեզիստենտության դեմ պայքարին՝ նպաստելով արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորմանը: Այս մասին հայտնում են Ալբերտի համալսարանի գիտնականները:
Հետազոտության տվյալների համաձայն՝ տարբեր յուղայնության պանիրը կարող է պահպանել արյան մեջ գլյուկոզայի նորմալ մակարդակը և նվազեցնել ինսուլինի հանդեպ ռեզիստենտությունը:
Վեջին տարիներին օրգանիզմի վրա պանրի առողջարար ազդեցության մասին գիտական տվյալներն ավելի մեծաթիվ են դարձել: Պանիրը տարբերվում է ճարպի մեծ պարունակությամբ, իսկ կենդանական ճարպերով հագեցած մթերքների գործածումը վաղուց արդեն զուգակցվում է սիրտ-անոթային համակարգի առողջության համար սպառնալիքի հետ: Այդուհանդերձ, հետազոտությունները ցույց են տալիս, որ պանիր շատ ուտող մարդկանց շրջանում ամենևին մեծ չէ անոթների և սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը, դրա հետ միաժամանակ նրանք հակված չեն 2-րդ տիպի դիաբետին:
Կանադացի մասնագետները որոշել են ստուգել պանրին վերագրվող հատկությունները և փորձ են անցկացրել կրծողների վրա: 8 շաբաթ կենդանիներին կերակրել են ճարպով, իսկ նրանց մի մասին տվել են նաև պանիր՝ ինչպես ցածր, այնպես էլ սովորական յուղայնությամբ: Այն կենդանիների մոտ, որոնք պանիր են կերել, արդյունքում գրանցվել է ինսուլինի հանդեպ ռեզիստենտության նվազում՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորման շնորհիվ:
Նաև պարզվել է, որ այն կենդանիների օրգանիզմում, որոնք միայն ճարպ են կերել պարունակվել են ֆոսֆոլիպիդների ավելի ցածր մակարդակներ՝ նյութեր, որոնք կարևոր են նորմալ գործառնության համար: Մինչդեռ պանիր գործածած կրծողների մոտ ֆոսֆոլիպիդների քանակությունն ավելի մեծ էր: