Զարուհի Բաթոյանի ներկայացրած վիճակագրական տվյալները կեղծ չեն. fip.am
Advertisement 1000 x 90

Զարուհի Բաթոյանի ներկայացրած վիճակագրական տվյալները կեղծ չեն. fip.am

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մայիսի 4-ին արված գրառման մեջ, դատապարտելով «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանումը, ներկայացրել էր վիճակագրական տվյալներ 2017 թվականին Հայաստանում երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների քննման վերաբերյալ։

Բաթոյանը մեջբերել էր Քննչական կոմիտեի տվյալները, ըստ որոնց` 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել։

Մայիսի 10-ին AntiFake.am-ում հայտնվել էր գրառում այն մասին, որ նախարարի ներկայացրած վիճակագրությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց անդրադառնալ այս թեմային՝ հասկանալու համար, թե արդյո՞ք Բաթոյանը ապատեղեկատվություն է տարածել։

AntiFake.am-ը, ըստ այդմ, որպես փաստարկ, բերում է ՀՀ ոստիկանության՝ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի ներկայացրած վիճակագրական տվյալները, ըստ որոնց՝ Հայաստանում 2016 թվականին անչափահասների նկատմամբ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված դեպքերի քանակը 80 է, 2017 թվականին՝ 71, 2018 թվականին՝ 50։

Բաթոյանը, սակայն, իր գրառման մեջ նշում է, որ ներկայացրած վիճակագրության աղբյուրը ՀՀ քննչական կոմիտեի տվյալներն են։

Եվ իրոք, Բաթոյանի ներկայացրած վիճակագրությունը հանրությանն էր ներկայացրել ՔԿ արդեն նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը՝ 2018 թվականի մարտի 21-ին «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունը» թեմայով միջազգային գիտագործնական կոնֆերանսի ժամանակ։

Ըստ Հովսեփյանի, 2015 թվականին ՀՀ ՔԿ վարույթում սեռական հանցագործությունների վերաբերյալ քննվել է 131 քրեական գործ, որոնցից 84-ը կատարվել է երեխաների նկատմամբ, 2016 թվականին քննվել է 157 քրեական գործ, որոնցից 110-ը՝ կատարված երեխաների նկատմամբ, իսկ 2017 թվականին քննվել է 161 քրեական գործ, որոնցից 101-ը՝ կատարված երեխաների նկատմամբ։

Այսպիսով, Բաթոյանի ներկայացրած տվյալները համապատասխանում են բերված աղբյուրին և ապատեղեկատվություն իրենց մեջ չեն պարունակում։

fip.am