«Արմենիա» հեռուստաընկերության նոր` «Պատվից առավել» հեռուստասերիալը ռեյթինգային ցուցակում առաջատար է։ Ֆիլմի գլխավոր հերոսների` Գևորգ Գրիգորյանի և Նաստասյա Գոլովկոյի նախկին սիրավեպի ու անձնական հարաբերությունները խզելուց հետո կրկին միասին խաղալու մասին Tert.am Life-ը պատմել է իր ընթերցողներին։ Այս անգամ Նաստասյայի հետ զրուցել ենք մոտ 5 տարվա հեռուստատեսային դադարի, մասնագիտական կրթություն ստանալու և ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ աշխատանքի մասին։
«Ծյոծյա ռեժիսոր». իրեն բնորոշ ռուսական ակցենտով այսպես է Ելենային դիմում Նաստասյան, որը երկար ժամանակ բացակայում էր էկրաններից, քանի որ բնակվում և սովորում էր Սոչիում։ Այդ ընթացքում նա ներկայանում էր միայն տեսահոլովակներում և գովազդներում։ Տևական էկրանային դադարից հետո Նաստասյան ներկայացավ նախ` Ելենա Արշակյանի «Կարմիր բլուր», այնուհետև «Պատվից առավել» հեռուստասերիալում։ Ոգևորությամբ է խոսում, որ այս նախագծում մարմնավորում է գլխավոր հերոսուհուն։
23–ամյա դերասանուհին հայկական հեռուստատեսության այն դեմքերից է, որը նախ խաղալու հնարավորություն ստացավ, հետո որոշեց մասնագիտական կրթություն ստանալ։
Մասնագիտական կրթությունը Նաստասյան ստացել է Սոչիում` թատրոնին կից ստուդիայում, հիմա էլ Թատերական ինստիտուտի Դերասանական բաժնում ազատ ունկնդիր է։ Կրթություն ստանալուց հետո Նաստասյան վերանայել է նախկին դերակատարումները, գտել իր սխալները, հիմա ամենից շատ ուշադրություն է դարձնում ռուսական շեշտադրումներ չանելուն։ Ասում է` փորձում է հնարավորինս շատ աշխատել իր խաղը կատարելագործելու համար։
Նաստյայի ուսումնական պրոցեսն այսքանով չի ավարտվում։ Նա նաև Բժշկական համալսարանի ուսանողուհի է` ապագա ատամնաբույժ, թեև դեռ ինքն էլ չգիտի, հետագայում կաշխատի այս մասնագիտությամբ, թե՞ ոչ։ Նրա խոսքով` փորձում է չմտածել ապագայի մասին։
«Որպես կանոն` իրականությունը չի համընկնում իմ պատկերացումների հետ։ Հիմա կարևորն այն է, որ ուսումս ավարտեմ, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա։ Մանկուց շատ եմ սիրել նկարահանումներն ու թատրոնը։ Ամեն տարի ուզում եմ թողնել ատամնաբուժությունն ու խորանալ արվեստի մեջ, բայց դա էլ չեմ անում ու ինձ կիսում եմ երկու մասի։ Երևի, վախենում եմ, մտածում եմ` այսօր դեր ունեմ, վաղը կարող եմ չունենալ։ Այդպես եղավ, օրինակ, «Կոտրված սրտերում» նկարահանվելուց հետո,– ասաց նա ու հավելեց, որ առաջարկներ ընդունելիս ունի որոշակի տաբուներ,– ինձ հաճախ առաջարկել են բաց տեսարաններով դերեր` հաշվի առնելով, որ արտաքինս ռուսի է, սակայն ես չեմ ուզում, որ շեշտը դրվի արտաքնիս վրա։ Ես ունեմ տաբուներ, կան տեսարաններ, որոնցում չեմ նկարահանվի։ Կարևորում եմ չափի զգացողությունը»։
Ամբողջությամբ՝ life.tert.am