Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանի մոտ հիմա եթերային դադար է։ Նրա խոսքով՝ ավելի քան չորս տարի անընդմեջ նկարահանումներից հետո արդարացված հանգստի է գնացել՝ այն համատեղելով ինքնակրթության հետ։
Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է ներկայիս զբաղվածության, Ինստագրամում առավել համարձակ կերպարներով ներկայանալու, ռեժիսորներից սպասելիքների, կազմվածքի փոփոխությունների և բաց տեսարաններում նկարահանվելուն իր վերաբերմունքի մասին։
«Ներկայումս ժամանակս տրամադրում եմ որպես դերասանուհի վերապատրաստվելուն, մասնակցում եմ դերասանի վարպետության պրոֆեսիոնալ կուրսերի։ Դրան զուգահեռ նկարահանվում եմ գովազդային հոլովակներում, ներկայացնում եմ բրենդային տարբեր հագուստներ։ Կարծում եմ՝ այս դադարը հնարավորություն կտա ներկայանալ նորովի, նոր շնչով, ինչու չէ, հեռուստադիտողն էլ ինձ կկարոտի։ Էկրան կվերադառնամ նոր գիտելիքներով և իմ տեսակը կներկայացնեմ նորովի»,- ասաց դերասանուհին՝ հավելելով, որ եթերային դադարը կապված չէ ոչ հատուկ միտումների, ոչ էլ առաջարկների պակասի հետ։ Բացի նորովի ներկայանալը Լիան ռեժիսորներից ակնկալիք ունի՝ ուզում է մարտական ֆիլմի համարձակ հերոսուհու կերպարում ներկայանալ։
«Շատ եմ սպասում, որ ռեժիսորներն ինձ առաջարկեն խիզախությամբ աչքի ընկնող հերուսուհու կերպար։ Շատ եմ սիրում հետաքննական ժանրի ֆիլմեր, սերիալներ և կցանկանայի մասնակցել, օրինակ, մարտաֆիլմի նկարահանումների, որտեղ կմարմնավորեի լուրջ, համարձակ, պայքարող որևէ կերպար։ Առհասարակ, նկարահանումների առաջարկներն ընդունելիս պահանջկոտ սկզբունքներ ու կամակորություններ չունեմ, ուղղակի կարևորում եմ որակն ու ինքս ինձ հարց եմ տալիս՝ արդյոք ես կցանկանամ ինձ տեսնել այդ կերպարով»,- ասաց նա։
Դերասանուհին առաջարկների հանդեպ պահանջկոտ չէ, քանի դեռ խոսքը չի հասել բաց տեսարաններին։ Ըստ Լիայի` այս մասով ունի և՛ սկզբունքներ, և՛ պահանջներ, դա է պատճառը, որ մինչև օրս խուսափել է հանդես գալ նման տեսարաններում. «Եթե մեր ֆիլմարտադրությունում կարողանան արվեստի մեջ գեղեցիկ ներկայացնել բաց տեսարանները, հնարավոր է, նկարահանվեմ։ Սակայն մեզ մոտ դեռ չեմ տեսել բաց տեսարանի գեղեցիկ ներկայացում, այնպես որ, նախընտրում եմ դեռևս չնկարահանվել»։
Չնայած բաց տեսարաններից խուսափելուն, դերասանուհու խոսքով, սիրում է համարձակ լինել, երբ խոսքը հագուստի մասին է։ Լիան համոզված է՝ գեղեցիկը պետք է տեսանելի դարձնել։
Ամբողջությամբ՝ life.tert.am