Դիանա Գրիգորյանը նոր՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի և նոր դերասանների հետ աշխատելու մասին. blognews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դիանա Գրիգորյանը նոր՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի և նոր դերասանների հետ աշխատելու մասին. blognews.am

Պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանի նոր՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի անոնսն արդեն համացանցում է: Այն շուտով կցուցադրվի «Արմենիա Պրեմիում» հեռուստաընկերության եթերում։ Մինչ այդ Դիանա Գրիգորյանը BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է նոր հեռուստասերիալի և դերասանական կազմի մասին:  

«Պատմությունը երեք զավակների մասին է, որոնց հասցեն ճակատագրով այդպես էլ չի գրվում: Բավական հետաքրքիր, շատ խորը դրամատիկ սյուժե է, և ես հուսով եմ՝ հեռուստադիտողը կգնահատի մեր աշխատանքը»: 

Դիանան նշում է, որ, աշխատելով նույն պայմաններում, փորձել են գերազանցել նախորդ հեռուստասերիալներին. «Այս հեռուստասերիալի ստեղծման համար ես և իմ ստեղծագործական խումբը, դերասանական կազմը շատ մեծ աշխատանք ենք տարել: Այս անգամ կարծես թե աշխատանքը, պատասխանատվության զգացումը շատ ավելի մեծ էին։ Ցանկանում էինք այնպիսի բան անել, որը կտարբերվեր: Անդադար լինելով այս ոլորտում, հասկանալով, որ հեծանիվ չես կարող հորինել, և որ շատ նոր բաներ անելու համար շատ մեծ ֆինանսներ են պետք, արդյունքում արել ենք այնպիսի բան, որ հեռուստադիտողին հետաքրքրի»:

Այն հարցին՝ փորձո՞ւմ է նախորդ նախագծերին գերազանցել, Դիանան պատասխանում է․ «Յուրաքանչյուր մարդ իր աշխատանքում երբ նոր բան է ստեղծում, պարտադիր պետք է հնին գերազանցի: Եթե չպետք է լինի այդ դինամիկան, այդ աճը, նշանակում է՝  դու նույն տեղում ես: Յուրաքանչյուր նոր նախագիծ քայլ առաջ է: Ցանկանում էի այնպիսի բան անել, որ ինքս նայեմ, և ինձ դուր գա: Հասկանալի է, որ պայմանները չեն փոխվում, բայց, միևնույն է, փորձում ես այդ պայմաններում ավելի լավ բան անել»:

Հարություն Մովսիսյանը, Աշոտ Ղազարյանը, Թելման Խաչատրյանը, Դիանա Մխիթարյանը, Եվա Բաղդասարյանն առաջին անգամ են աշխատում Դիանա Գրիգորյանի հետ. «Կան հին դերասաններ, որոնց հետ շատ հանգիստ է աշխատելը և՛ պրոֆեսիոնալիզմի, և՛ պատասխանատվության առումով: Սիրում եմ նաև նոր դերասանների ընդգրկել, նոր բացահայտումներ անել»:

Այն հարցին՝ արդյոք գրվե՞լ է հեռուստասերիալի վերջին սերիան, թե՞ ամեն ինչ կախված է ընթացքից, Դիանան պատասխանեց․ «Անշուշտ, ընթացքը, զարգացումները շատ բան են ասում և շատ բան են փոխում, բայց շատ բան կարող է մնալ նույնը: Ամենաիրատես դատավորը հեռուստադիտողն է, և նրա հետաքրքրությունը մեզ համար շատ կարևոր է: Հեռուստադիտողը պետք է նշան տա, թե որ կերպարի շուրջ ավելի հետաքրքիր իրադարձություններ ծավալենք, որ կերպարն իրեն արդարացնի, որը կսիրվի․ ի վերջո, այդ ամենն անում ենք նրանց հաճելի ժամանցն ապահովելու համար»:

Ամբողջությամբ՝ blognews.am