Ինչու էր Նիկոլայ II–ը թոշակ նշանակել Արցախում գտնվող ծառի համար. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինչու էր Նիկոլայ II–ը թոշակ նշանակել Արցախում գտնվող ծառի համար. armeniasputnik.am

Ներկայացվող ռեպորտաժը նկարահանվել է 2000 թվականին Արցախի Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում, որտեղ մինչ այժմ կանգուն է հետխորհրդային տարածքի ամենահին ու ամենաբարձր ծառը:

Ծառի բարձրությունը բնից մինչև կատար 54 մետր է: Հսկայական չինարին (նաև՝ տնջրի, սոսի – խմբ.) անձնագիր ունի, իսկ մոտակայքում տեղադրված ցուցանակը հուշում է, որ այն տնկվել է մեր թվարկությունից առաջ առաջին դարում Տիգրան Մեծի օրոք (95 – 55 մ.թ.ա.):

Ծառի փչակում, որի մակերեսը մոտ 44 քառակուսի մետր է, մինչև 100 մարդ կարող է տեղավորվել: Չինարի ծառի ստվերը տարածվում է մոտ 1400 քառակուսի մետրի վրա։

Ժամանակին Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ը նույնիսկ թոշակ է նշանակել ծառի համար: Տարեկան 300 ռուբլու դիմաց մոտակա Սխտորաշեն գյուղի բնակիչները խնամում էին դարավոր ծառը, որը ապրել է արքաների, իշխանների, մելիքների, մարզկոմների օրոք ու բարեհաջող շարունակում է կանաչել ու աճել Արցախի նոր ղեկավարության օրոք:

Հին ձեռագրերը վկայում են, որ ավելի քան երկուհազար տարեկան չինարու շուքի տակ հանգստացել են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը, հայոց գրերի հեղինակ և ուսուցչապետ Մեսրոպ Մաշտոցը, տարբեր հայ զորավարներ, նաև հռոմեական զորավարներ:

Հսկա ծառն Արցախում պատվում ու պահպանում են սրբության պես: Այստեղ են հաճախ անցկացվում ընտանեկան խնջույք-հավաքույթները:

armeniasputnik.am