«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր Գոհար Հարությունյանը նաև բազմազավակ մայրիկ է։ Գոհարը կատակում է` երեխաները դեռ հինգն են, բայց միայն կատակում է։ Ամուսնու հետ պայմանավորվել է սահմանափակվել 5 երեխայով և վայելել նրանց մեծացնելու ընթացքը։
Օրերս Tert.am Life-ը հյուրընկալվել է նրանց տանն ու լուսանկարել բազմանդամ ընտանիքի անդամներին, իհարկե, բոլորին մի լուսանկարում հավաքելը հեշտ չէր, բայց ստացվեց:) Գոհարի հետ զրուցելենք նաև ընտանեկան կյանքի, 5 երեխայի խնամքի, ամուսնու և երեխաների հետ հարաբերությունների մասին։
5 երեխայի խնամքը բարդ և պատասխանատու գործ է, սակայն մայրիկը հաճույքով է իրականացնում այս պարտականությունը։ Ունենում է հոգնածության պահեր, սակայն ասում է, երբ նայում է երեխաներին, ամեն ինչ մոռանում է։
«Բարդ է, բայց երբ ամեն օրվա վերջում հասկանում եմ, թե որքան գործ եմ արել, ուրախանում եմ։ Մարդը որքան բազմազբաղ է լինում, այնքան ավելի պատասխանատու և պարտաճանաչ է, կարողանում է իր օրն ու ժամանակն ավելի ճիշտ դասավորել»,– վստահ է Գոհարը։ Իհարկե, լինում են նաև թերություններ, Գոհարը ծիծաղելով մտաբերեց երեխային մանկապարտեզում մոռանալը, բայց և նկատեց, որ իդեալական ոչինչ չի լինում։
5 երեխայի խնամքով զբաղվելու համար Գոհարն ունի օգնականներ` 2 դայակ, պատրաստվում են երրորդին էլ վարձել, քանի որ 1.5 տարեկան զույգ երեխաները մեծ ուշադրություն են պահանջում։ Օգնականների հարցում Գոհարի բախտը բերել է։ Ասում է` Հայաստանում հեշտ է գտնել նվիրված դայակների։
«Պատրաստվում ենք երրորդի օգնությանն էլ դիմել, քանի որ աշխատանքը բարդացել է, երեխաների անվտանգության հարցն է։ Իրենց օգնությունը մեծ է։ Իմ ժամանակը չի ծախսվում տնային գործերի վրա, ավելի շատ կենտրոնանում եմ երեխաներիս սիրելու, խնամելու, իմ աշխատանքի վրա։ Հիմնականում երեկոյան ժամերին ենք իրար հետ լինում։ Պետք է հասցնեմ բոլորի հետ ժամանակ անցկացնել՝ հավասարաչափ գրկեմ, սիրեմ, որպեսզի ոչ ոք չսրտնեղի»,– պատմեց նա։
Գոհարի ավագ աղջիկները՝ Մելինեն և Բիայնան 11 և 10 տարեկան են, որդին՝ Մենուան, 6 տարեկան է, փոքրիկները՝ Սոֆենան և Արգիշտին, 1,5։ Ըստ էության` երեխաները տարիքային 3 խմբի են բաժանվում, ամեն մեկի խնդիրներն ու մոտեցումը յուրովի են. «Մեծ աղջիկներս ինձ հետ են կապված, իրենք շատ բաց են ինձ հետ, ինչը հեշտացնում է իմ գործը։ Ես կարիք չունեմ պեղել իրենց խնդիրները, իրենք ինձ հետ խոսում են դրանց մասին։ Մենուան շատ կապված է պապայի հետ, հատկապես, հղիությանս ընթացքում հայրը շատ էր խնամում իրեն, շատը մտերմացան։ Ես շատ ուրախ եմ իրենց միջև ձևավորված ընկերության համար։ Փոքրիկներիս հետ դեռ խաղում ենք»։
Ամբողջությամբ՝ life.tert.am