Ստորև ներկայացնում ենք քաղաքագետ Էդվարդ Անտինյանի Facebook-յան գրառումը.
«Վերջին ամիսներին քաղաքականությունից հասկացողն ու չհասկացողը, ահելն ու ջահելը, կանխատեսում էին Հիլարի Քլինթոնի անվերապահ հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում: Խոսում էին ու գրում, գրում էին ու խոսում…:
Հիմա, երբ արդեն հայտնի է, որ Թրամփն է հաղթել, դեռ չեն կարողանում արգելակները միացնել ու գոնե մի որոշ ժամանակ ծպտուն չհանել: Հիմա էլ խոսում են ու գրում, թե նման բան չէր կարող լինել ու, որ այն, ինչ տեղի ունեցավ, անհավատալի է: Հարգելինե՜րս, գուցե մի պահ լռեք ու թողնեք խոսեն նրանք, ովքեր հավատո՞ւմ էին:
Մինչդեռ, անգամ քաղաքականությունից սիրողական պատկերացում ունեցողները քաջ գիտակցում են, որ ԱՄՆ-ում, թեպետ նախագահ են ընտրում անձերի միջից, սակայն չափազանց կարևոր է, թե տվյալ անձը որ քաղաքական ուժն է ներկայացնում, ու թե վերջինս ինչ քաղաքական կուրս է վարելու: Ու անգամ այն պարագայում, որ Հիլարի Քլինթոնը դեմոկրատների ամենաանցողիկ թեկնածուն էր, իսկ Դոնալդ Թրամփը Հանրապետականների ամենաոչանցողիկը, այդուհանդերձ, այս ընտրություններում պետք է հաղթեր հանրապետական թեկնածուն:
Խոսքս հիմնավորելու համար մեջբերեմ 03.10.2013թ., «168 ժամ» թերթի իմ հոդվածից մի հատված. «Դժվար չէ ենթադրել, որ ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակ կտանի հանրապետական թեկնածուն, որն ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականություն է վարելու, որպեսզի կարողանա հետ բերել Օբամայի պաշտոնավարման տարիներին կորցրած բնագծերը»:
Ի դեպ, երեք տարի առաջ, երբ այս կանխատեսումն արել էի, Դոնալդ Թրամփը դեռ նախագահի թեկնածու չէր, Բարաք Օբաման էլ դեռ չէր հասցրել իր ապաշնորհ կառավարման բոլոր սխալներն ի ցույց դնել, ու միայն այս տարի Թրամփն իր հիմնական ու հաղթող կարգախոս ընտրեց հենց այն միտքը՝ «Վերադարձնել Ամերիկային նրա երբեմնի մեծությունը», ինչի մասին ակնարկել էի իմ հոդվածում:
Ժամանակին ծանր էի տանում, երբ տարիներ առաջ ասածներս ուշադրության չէին արժանանում, իսկ դրանք իրականություն դառնալու դեպքում էլ փորձում էին լռության մատնել, բայց հիմա մի տեսակ սովորել եմ: Դե իհարկե, եթե նկատեն, որ դու ճիշտ ես, ուրեմն պետք է խոստովանեն իրենց սխալը, իսկ իրենք շատ են, շատ-շատ, ու ըստ ժողովրդավարության անկյունաքարային սկզբունքի, մեծամասնությունը միշտ ճիշտ է, եթե չես հավատում, ապա կքվերակեն ու դրանով կամրագրեն իրենց ճշմարտացիությունը: Բայց ես էլ ինձ համար ունեմ անկյունաքարային սկզբունք, որ եթե ես վստահ եմ մի բանում, ապա եթե անգամ աշխարհի շուրջ 7.5 մլրդ բնակչությունը, ներառյալ նորածինները, մեկ մարդու պես պնդեն մեկ այլ բան, ապա միևնույն է, ես իմն եմ պնդելու: Ու պետք չէ վախենալ չհասկացված լինելուց, ի վերջո աշխարհն առաջ են տանում համառները, ոչ թե ղեկավարների հետ ամեն ինչում համակարծիք հլուհնազանդ մեծամասնությունը:
Գաղտնիք չէ, որ մեր երկրում շատերի բարեկեցության միակ հնարավորությունն այն է, որ պետք է ընդունել, որ ղեկավաըը միշտ ճիշտ է ու, որ ցանկացած նախաձեռնություն դատապարտելի է, պետք է անվերապահորեն կատարել վերադասի անխտիր բոլոր ցուցումները, լինեն դրանք խելացի, թե՝ տխմար:
Իսկ հիմա մեր հարգարժան վարչապետ Կարեն Կարապետյանն իր ենթականերից հանդուգն նախաձեռնություններ է սպասում, մտքի թռիչքներ ու աշխարհը շուռ տվող ծրագրեր, ումի՞ց՝ այս անտեսակետ ու նախաձեռողականությունից զուրկ մեծամասնությունի՞ց:
Մի առիթով ասել եմ, որ մեզ որակական փոփոխության հասնելու համար մտքի թռիչք է հարկավոր ու հիմնավորելու համար բերել մի պատկերավոր օրինակ, որ եթե ԱՄՆ ողջ բնակչությունը մեկը մյուսի ուսին կանգնեին, վերջինի ձեռքն էլի լուսնին չէր հասնի, ու այն, ինչին չի հասնում ողջ ազգի ձեռքը, կարող է հասնել նրանցից մեկի՝ Նիլ Արմսթրոնգի ոտքը: Ուստի միշտ չէ, որ քանակը որակ է ապահովում, և մեզանում որակական թռիչք ապահովել բարեխիղճ ու մեծաքանակ սողացողներով պարզապես հնարավոր չէ, որակապես նոր մոտեցում է հարկավոր»: