Եթե առաջ խոսում էին այն մասին, որ սմարթֆոնները խանգարում են լավ քնել, ապա հիմա մասնագետները հավաստիացնում են, որ սմարթֆոնները չեն թողնում քնել առհասարակ:
Ամերիկյան «Common Sense» ընկերության ուսումնասիրությունը շարունակում է հետազոտել մարդկանց կախվածությունը սմարթֆոններից: Այս ուսումնասիրությունները սկսվել էին երեք տարի առաջ: 2016 թվականի հետազոտության ընթացքում դեռահասների կեսից ավելին ընդունել էր, որ կախված է սմարթֆոններից: Նույնիսկ մեծահասակները (59%) հայտնել էին, որ իրենց երեխաներին համարում են կախված սմարթֆոններից և գադջետներից:
Բայց եթե 2016 թվականի եզրակացությունում նշվում էր, որ սմարթֆոնները չեն թողնում մարդկանց հանգիստ շփվել շրջապատող մարդկանց հետ, և այլն, ապա հիմա նշվում է, որ սմաթֆոնները թույլ չեն տալիս քնել:
1000 ամերիկացի երեխաների, դեռահասների և նրանց ծնողների հարցումների արդյունքների համաձայն՝ պարզվել է, որ դեռահասների 68%-ը պարբերաբար օգտագործում են իրենց սարքերն անկողնում, և գրեթե մեկ երրորդը բառացիորեն քնում է սմարթֆոններով:
Ամերիկայի մանկաբույժների ակադեմիայում նշում են, որ իրենք պարբերաբար ահազանգում են, որ օրվա մեջ 1 ժամից ավելի սմարթֆոն օգտագործելն ազդում է նյարդային համակարգի, առողջ կենսակերպի և առողջ քնի վրա: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ այս տեղեկատվությունը բնավ չի ազդում մարդկանց վրա, քանի որ մեծահասակերի 61%-ը և երեխաների 70%-ը նշում են, որ իրենց բջջային հեռախոսները ստուգում են առնվազն 30 րոպեն մեկ:
Ավելին, հարցված մեծահասակների 62%-ը նշել է, որ գիշերը սմարթֆոնը տանում է սենյակ և դնում է անկողնուն շատ մոտ, երեխաների 39%-ը նույնն է անում:
Միևնույն ժամանակ, երեխաները մեծահասականերից 2 անգամ ավելի շատ են քնում սմարթֆոններով (29% /15%): Դեռահաս աղջիկները դա ավելի հաճախ են անում, քան տղաները՝ 33% և 26%՝ համապատասխանաբար:
Երեխաների մի մասը (36%) նշել են, որ գիշերն առնվազն մեկ անգամ ստուգում են իրենց հեռախոսը: Ծնողների շրջանում սմարթֆոնները գիշերը ստուգողները 26% են կազմում: Մեծահասակների մեծ մասը (51%) նշել է, որ անում է նման բան, քանի որ ստանում է ծանուցումներ իրենց մոտ գտնվող սմարթֆոնին: 48%-ը նշել է, որ ծանուցումների պատճառով գրեթե չի քնում գիշերը:
Դեռահասների 54 %-ը նշել է, որ չի կարողանում քնել, քանի որ ստանում է ծանուցումներ, կամ ցանկանում է իմանալ՝ ինչ է կատարվում համացանցում:
Ինչպես նշում է «Common Sense»-ի ղեկավար Ջեյմս Սեյդերը՝ շատ ծնողներ արդեն չեն էլ կարողանում վերահսկել երեխաներին, քանի որ նրանց սովորական կյանքն արդեն իսկ կապված է գադջետների հետ: Սակայն Սեյդերը նշում է, որ երեխաներին պարզապես պետք է հեռացնել սմարթֆոններից, քանի որ դա ազդում է նրանց առողջ քնի և հոգեկան առողջության վրա: Բացի այդ, սմարթֆոնների հաճախակի կիրառությունն ազդում է երեխաների մտավոր ունակությունների և վերուծական կարողությունների վրա:
Սիրարփի Աղաբաբյան