Մանկատանը մեծացած տղա, որը դեռ շատ փորձություններոի միջով կանցնի․ դերասան Կարեն Ասլանյանը «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի հերոսներից մեկն է: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է նոր աշխատանքի ու Դիանա Գրիգորյանի հետ սպասված համագործակցության մասին:
«Շատ ուրախ եմ, որ այս մասնակցում եմ նախագծին առաջին հերթին այն պատճառով, որ աշխատում եմ Դիանա Գրիգորյանի հետ: Մենք աշխատել ենք «Առաջնորդները» նախագծում և հասցրել ենք շատ լավ հասկանալ իրար»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ շատերը կարծում են, որ Դիանա Գրիգորյանի հետ ընկերություն է անում, որպես գործատու, նրան հաճոյանալու համար, Կարենը պատասխանեց․ «Ժամանակն ամեն ինչ ցույց է տալիս, գուցե, լինեն նման մարդիկ, բայց մենք այդպես չենք մտածում: «Առաջնորդների» ավարտից հետո էլ մենք շարունակեցինք լավ ընկերներ մնալ: Եթե ես ընկերություն անեի նախագծերում լինելու համար, չէի նկարահանվեի նաև այլ պրոդյուսերների սերիալներում, կնկարահանվեի միայն Դիանայի մոտ: Մենք պրոֆեսիոնալ ենք մոտենում հարցին: Եթե Դիանան գտնում է, որ պետք է լինեմ նախագծում, լինում եմ, եթե ոչ, ոչ: Դա կապ չունի մեր ընկերության հետ: Դիանայի մայրը՝ իմ շատ սիրելի Ալլա Գրիգորյանը, մեզ համար ծնողի պես է, Դիանան ինձ համար քրոջ պես է: Մենք ընտանիքի անդամների պես ենք»:
Անդրադառնալով սերիալում իր մասնակցությանն ու մարմնավորած հերոսին՝ Կարենը շեշտեց, որ այս կերպարն առանձնահատուկ է իր համար: «Կերպարս բավականին լուրջ տղա է, որը շատ փորձությունների միջով է անցնելու: Մանկատանը մեծացած տղա է, որը մեծ ողբերգություն ունի, կորցրել է եղբորը, չգիտի, որ քույր ունի: Շատ նուրբ թեմա կա, որը պետք է ճիշտ մատուցել: Բեկը «լավ տղա» է, ինչպես Դիանան է ասում։ Պատրաստակամ, անվախ տղա է, որի մեջ կա մարդ, պատրաստ է խղճալու, սիրելու: Նա դրակա՞ն է, թե՞ բացասական, հեռուստադիտողներն իրենց համար կորոշեն: Շատ գունավոր կերպար է: Սցենարը ֆանտաստիկ լավն է: Դիանան, ինչպես միշտ, տարբերվեց և արեց մի բան, որը դառնում է սիրելի հեռուստադիտողների կողմից»,- ասաց դերասանը, որը տարված է նոր աշխատանքով:
Նրա խոսքով՝ կարևոր է կերպարն այնպես մատուցել, որպեսզի չհիշեցնի իր նախորդ դերերը: Այս կերպարը շատ է տարբերվում իր մյուս հերոսներից․ «Առաջնորդներում» սահմաններ չճանաչող Արամիկի կերպարը խաղալուց անմիջապես հետո խաղացի «Դեպի երազանքում», որտեղ կերպարս՝ Արմանը, Արամիկի հակապատկերն էր, հետո «Այրված անուրջներում» դրական հերոսի խաղացի, իսկ Բեկն ինձ համար բոլորովին այլ աշխարհ է: Իմ կյանքի ամենասպասելի դերն էր: Մեծ հաճույքով եմ մարմնավորում այս կերպարը: Անհնար է այս կերպարը չսիրելով խաղալ»:
Ամբողջությամբ՝ life.tert.am