Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի 22-ամյակը վերածվել է նրա նշանադրության արարողությանը: Սիրելին՝ դերասան Գոռ Համբարձումյանը, նրա օօրն իրական տոն է դարձրել՝ Մարիամին անակնկալի բերելով ոչ միայն տարեդարձի առթիվ կազմակերպված խնջույքով, այլև նրա երազանքների մատանին նվիրելով։ Մարիամն ու Գոռն արդեն պաշտոնապես նշանված են։
Tert.am Life-ը զույգի հետ զրուցել է հիշարժան օրվա մասին: Գոռը պատմեց անակնկալին պատրաստվելու և մատանին ընտրելու, իսկ Մարիամը՝ իր զգացողությունների մասին։ Գոռը նշեց, որ անակնկալին շատ երկար է պատրաստվել, նույնքան երկար էլ որոշել է, թե ո՞ր օրը պետք է մատուցի այն։
«Քանի որ 22-ն առհասարակ մեր թիվն է, ամսի 22-ն էլ մեր օրը՝ որոշել էի սպասել ու այդ օրն անել անակնկալը, այդ օրը միշտ ինչ-որ բան կազմակերպում ենք, բայց մտափոխվեցի և որոշեցի տարեդարձի օրն անել առաջարկը։ Մարիամը ոչնչից տեղյակ չէր, մտածում էր, որ լինելու ենք երկուսով: Պատկերացում չուներ, որ խնջույք է լինելու, որին կլինեն մեր հարազատներն ու ընկերները։ Շատ հետաքրքիր ստացվեց՝ սպասվածից էլ ավելի լավ։ Մեր ընկերներն էլ են մեզ շատ օգնել։ Կարծում եմ՝ ամեն ինչ ստացվեց»,- ասաց Գոռը։
Ինչ վերաբերում է մատանու ընտրությանը՝ դերասանն ասաց․ «Մատանու ընտրությունը շատ հետաքրքիր ստացվեց: Տարիներ առաջ, երբ դեռ նոր էինք սկսել ընկերություն անել, մի անգամ Մարիամն ինձ մատանու նկար ուղարկեց, ասաց, որ իր երազանքների մատանին է։ Իհարկե, շփման այս տարիներին շատ մատանիներ ենք նայել միասին, շատերի համար է ասել, որ հավանում է, բայց ես պահել էի այդ լուսանկարը ու առաջարկություն անելիս որոշեցի ընտրել հենց այն, որի համար ասել էր՝ իմ երազանքների մատանին է»։ Գոռի խոսքով՝ պսակադրության արարողությունն էլ չի ուշանա՝ օրը դեռ չեն որոշել, բայց երկար չեն սպասի:
Մարիամի զգացողությունները դեռ թարմ են։ Նրա խոսքով՝ անակնկալը ստացված էր՝ հուզվել է թե՛ ընկերների ներկայությունից, թե՛ ամուսնության առաջարկից։ Երկու դեպքում էլ նրա համար անսպասելի է եղել, որովհետև մինչև վերջին պահը մտածել է, որ ինքն ու Գոռը միայնակ են լինելու։
«Մենք այն զույգերից ենք, որոնք միշտ ծննդյան տոնը նշելու պարտականությունը դնում են մյուս կողմի վրա։ Երբ Գոռի տարեդարձն է՝ ես պետք է կազմակերպեմ, երբ իմ ծնունդն է՝ Գոռն է կազմակերպում։ Ես, իրականում, գիտեի, որ մի տեղ գնալու ենք, բայց կարծում էի, որ երկուսով ենք լինելու, ռոմատիկ մթնոլորտում ընթրելու ենք՝ մոմեր, երաժշտություն: Ամբողջ ճանապարհին իմ աչքերը փակ էին։ Երբ տեղ հասանք, աչքերս բացեցի ու տեսա այն, ինչ կազմակերպել էր, աննկարագրելի էմոցիաներ ապրեցի»,- ասաց Մարիամը։
Ամբողջությամբ՝ life.tert.am