Սարգիս և Մանո Գրիգորյանները Սևանում տոնել են ամուսնության 11-ամյակը․ Մանոյի խոստովանությունն ու պատմությունն իրենց սիրո մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սարգիս և Մանո Գրիգորյանները Սևանում տոնել են ամուսնության 11-ամյակը․ Մանոյի խոստովանությունն ու պատմությունն իրենց սիրո մասին

Դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը՝ Մանոն, այսօր տոնում են ամուսնության 11–ամյակը: Նախորդ տարի՝ ամուսնության 10-ամյակի առթիվ զույգը երկրորդ հարսանիք էր կազմակերպել, որի բացառիկ անդրադարձը վստահել էին Tert.am Life-ին, իսկ այս տարի որոշել են անաղմուկ տոնել իրենց օրը․ երեխաներին ուղարկել են ճամբար, իրենք էլ գիշերը գնացել են Սևան ու Մանոյի բնորոշմամբ՝ «հասուն» ձևով տոնել տարեդարձը:

Մանոն Tert.am Life-ին է տրամադրել ամուսնու հետ նոր ֆոտոշարքն ու պատմել ընտանիքի ամրության, անցած բարդությունների ու Սարգսի «փշոտության» մասին:

Այսօր Սարգիսն ու Մանոն աշխատանքի են՝ կրկին հարսանեկան իրավիճակներում են լինելու, բայց արդեն կազմակերպչի դերով, իրենց օրը տոնել են գիշերը․ «Երեկ գնացինք երեխաներին տեսնելու, հետո Սևան: Հասուն երեկո էր․ ամփոփեցինք մեր ամուսնական կյանքը, հասկացանք, թե ինչն է լավ, ինչը վատ»: Ամուսնու համար նվեր պատրաստելու մասին Մանոն չէր մտածել, կատակեց, որ ինքն արդեն իսկ նվեր է: Նրա համար կարևոր է այս օրն արժևորել ոչ թե նվերով, այլ երջանկությամբ:Մանոյի խոսքով՝ հիմա իրենք շատ ներդաշնակ ու խաղաղ են:

«Մեզ հաճախ գրում են, որ օրինակելի ընտանիք ենք: Շատ դեպքերում դու ներսից չես հասկանում դա, բայց երբ ասում են, սկսում ես մտածել՝ ինչո՞վ եք օրինակելի: Երջանկության հստակ բանաձև չկա: Ամեն մեկն ունի իր չափանիշներն ու գույները: Երեկ ուզում էի հասկանալ՝ ինչի՞ շնորհիվ եմ ես ինձ լավ զգում, հասկացա, որ ես իմ գիտակցական կյանքում ես սկսել եմ երազել, թե ինչպիսի ընտանիք, ամուսին, երեխաներ եմ ուզում: Այսօր ես լիարժեք ունեմ իմ երազանքների ընտանիքը: Ես չեմ մտածել՝ ամուսինս հարո՞ւստ լինի, թե՞ աղքատ, բայց, օրինակ, երազել եմ ունենալ 2 աղջիկ, որովհետև ինքս քույրիկի պակաս եմ ունեցել: Միշտ մտածում էի, որ ամուսնական կյանքում պիտի ներքուստ լավ զգամ ինձ, բայց չէի կարողանում բացատրել՝ որն է այդ «լավ զգալը»: Ինձ համար կարևոր էր, որ չկորցնեմ իմ «ես»-ը: Սաքոն այն մարդն է, որն ինձ թողել է այնպիսին, ինչպիսին կամ: Ինձ մոտ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ միայն ավելացել է: Դա շատ կարևոր է, որովհետև ամուսնությունից հետո հիմնական խնդիրները, սթրեսները, բաժանումները գալիս են հակառակ բնավորության բախումներից, իրար փոխելու ձգտումից: Մենք չենք փոխել իրար, եթե ինչ-որ բաներ էլ փոխվել են, դրանք եղել են ակամա փոփոխություններ՝ մեկս մյուսի ազդեցությամբ, ոչ թե պարտադրանքով»,- շեշտեց պարուհին:

Մանոն նկատեց, որ իրենց կյանքում բարդ փուլ եղել է մինչև ամուսնությունը: Սարգիսն ավելի շուտ է գիտակցել, որ ուզում է Մանոյին տեսնել իր կողքին, սակայն Մանոն համառորեն չի «համակերպվել» այդ մտքի հետ: «Երկուսս էլ շատ ուշ ենք հասկացել, որ միասին պետք է լինենք: Մեզ 5-6 տարի էր պետք դա հասկանալու համար, առաջինը Սաքոն հասկացավ, իսկ ես շատ դժվար կարողացա հասկանալ, որ ինքն է իմ կեսը: Չէի պատկերացնում, որ այն մարդը, որը միշտ իմ կողքին է եղել, կարող է դառնալ իմ ամուսինը: Ինքն իմ ուղեղում չկար, միշտ որպես ընկեր էի ընկալել իրեն: Սաքոն շատ է պայքարել, որ ես գամ դեպի իրեն: Այն պահից, երբ ինքն ինձ հարցրեց՝ ինձ հե՞տ ես, ասացի՝ այո, ասաց՝ ուրեմն բռնիր ձեռքս, բռնել եմ իր ձեռքն ու գնացել իր հետևից: Ամենաբարդը մինչև այդ պահն էր, դրանից հետո հարաբերություններում բարդություններ, որպես այդպիսին, չեն եղել»,- հիշեց դերասանի կինը ու հավելեց, որ իրենց սերը գիտակցված է եղել:

life.tert.am