Մոտ 1489-1490թթ.-ի ընթացքում պատկերված այս գլուխգործոցը Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող այն քիչ՝ ավելի հստակ՝ չորս դիմանկարներից է, որոնց բնորդուհին կին է:
Դա Վինչիի այս կտավում պատկերված է 16-ամյա Չեչիլիա Գալերանին, որը Միլանի դուքս Լյուդովիկո Սֆորզայի սիրուհիներից մեկն էր: Սֆորզան, որը չնայած ամուսնացած լինելուն հայտնի էր իր բազմաթիվ սիրուհիներով, առանձնահատուկ վերաբերմունք ուներ Գալերանիի հանդեպ և դա է պատճառը, որ պատվիրել էր մեծանուն նկարչին պատկերել նրան:
Չեչիլիան և Միլանի դուքսը…
…հանդիպել են 1489թ.-ին, երբ աղջիկը թողել է իր տունն ու տեղափոխվել Միլան: Այստեղ հանդիպելով Չեչիլիային՝ Սֆորզան խնդրել է նրան ապրել իր ամրոցում, որպեսզի մշտապես իր կողքին լինի: Արդեն 1491թ.ի մայիսին լույս աշխարհ է եկել Չեչիլիայի և Սֆորզայի ապօրինի որդին: Երբ Սֆորզայի կինն իմացել է նրանց կապի ու երեխայի մասին, պահանջել է, որ Սֆորզան ստիպի Չեչիլիային անմիջապես լքել ամրոցն իր երեխայի հետ: Այսպես դուքսի և Չեչիլիայի հարաբերությունները խզվել են և արդեն 1432թ.-ին աղջիկն ամուսնացել է կոմս Լյուդովիկո Քարմինատիի հետ, որից ունեցել է 4 երեխա:
Իսկ Չեչիլիան և դա Վինչին…
…հանդիպել են Սֆորզայի ամրոցում՝ հավանաբար հենց 1489թ.-ին, երբ նկարիչը սկսել է նկարել աղջկան: Շատ աղբյուրներում նշվում է, որ Չեչիլիան պալատում գտնվելու ժամանակ հրավիրում էր նկարչին իր կազմակերպած հավաքույթներին և միասին նրանք քննարկում էին իրենց խոհափիլիսոփայական մտքերը: Հայտնի է, որ Չեչիլիան շատ խելացի ու բազմաթիվ հետաքրքրություններով աղջիկ էր, գովաբանվում էր նրա սերը երաժշտության, արվեստի հանդեպ, ինչպես նաև նրա գրչին պատկանող բանաստեղծությունները:
«Կզաքիսով տիկինը» կտավը…
Ուսումնասիրությունների արդյունքում մասնագետները պարզել են, որ նկարը բազմիցս փոփոխությունների է ենթարկվել: Լեոնարդո դա Վինչին ինքը 3 անգամ միայն փոփոխություններ է արել կզաքիսի վրա: Դեռ 2014թ.-ին BBC-ն մի նյութ հրապարակեց, որտեղ ֆրանսիացի գիտնական Փասքալ Քոթեն 3 տարվա ուսումնասիրություններից հետո հայտարարել էր, որ սկզբում դա Վինչին ընդհանրապես չի նկարել կզաքիս: Հետո որոշել է նկարել կենդանուն, բայց փոքր չափերով ու մոխրագույն և միայն երրորդ փորձի ժամանակ է որոշել կզաքիսին սպիտակ գույնով նկարել՝ որպես անմեղության խորհրդանիշ:
Դա Վինչիից հետո նկարը մի շարք փոփոխությունների նույնպես ենթարկվել է. օրինակ 1800-ականներին լեհ արքայադուստր Իզաբելա Չարտորիսկիի հանձնարարությամբ մուգ կապույտ ֆոնը դարձել է սև, իսկ աջակողմյան վերին հատվածում պատկերված դուռը հեռացվել է։
Այլ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կտավը ստեղծելիս դա Չեչիլիայի ձեռքերի հետքերը հայտնաբերվել են նաև նրա դեմքին և կենդանու գլխին: Ռենտգենային հետազոտություններն էլ ցույց են տվել, որ Լեոնարդոն սկզբում ցանկացել է կերպարը շրջապատել կամարով կամ կամարաձև պատուհանով, սակայն հետո մտափոխվել է։
Հանճարեղ մեկ այլ հնարք էլ է օգտագործել բոլոր ժամանակների ամենանշանավոր նկարիչը. դա Վինչին կարողացել է հմտորեն խաղալ ստվերների ու բնորդուհու մաշկի երանգների հետ՝ կնոջ դիմանկարը նկարելիս նրա մարմնի մասերին տալով երանգներ ու ստվերներ, այդպիսով ավելի կենդանացնելով կտավը: Այս հնարքն ավելի վառ արտահայտված է կնոջ կրծքավանդակի ու պարանոցի հատվածում:
Կզաքիսով տիկնոջ գաղտնիքները…
Կզաքիսը. Տարբեր վարկածներ կան այն մասին, թե ինչ է իրականում խորհրդանշում կզաքիսը: Ըստ տարածված վարկածներից մեկի այն հենց Լյուդովիկո Սֆորզային է խորհրդանում. դուքսը 1488թ.-ից եղել է «Կզաքիսների օրդենի» անդամ և կենդանու պատկերը դարձրել է իր անձնական խորհրդանիշը: Ամուսնացած լինելու պատճառով նրան կտավում պատկերելը հասարակության կողմից կքննադատվեր և գուցե հենց այդ պատճառով նրա փոխարեն դա Վինչին որոշել է պատկերել նրան խորհրդանշող կենդանուն:
Ըստ այլ տեսակետի՝ սպիտակ կզաքիսը կտավում խորհրդանշում է Չեչիլիայի հղիությունն ու ապագա զավակին: Վարկած կա, որ աղջիկը բնորդ լինելու ժամանակ արդեն երեխայի էր սպասում դուքսից և գուցե կզաքիսը հենց դա է խորհրդանշում, իսկ դրա գույնը՝ սպիտակը, դա Վինչիի համոզմունքն է այն մասին, որ թեև նրանց զավակն ապօրինի է, բայց միևնույն է՝ այդ երեխային կրծքի տակ կրելն ամոթալի չէ:
Սակայն կա նաև վարկած, որն առաջադրել է գերմանացի տեսաբան Վիլհելմ ֆոն Բոդեն, համաձայն որի` կտավում պատկերված կենդանին ոչ թե կզաքիս է, այլ ժանտաքիսի ալբինոս տեսակ:
Հայացքը. Կնոջ հայացքը դեպի ձախ է ուղղված և շատ մասնագետներ կարծում են, որ նրա դեմքին այնպիսի արտահայտություն է, ասես նա ինչ-որ մեկին է լսում ու նայում՝ գո՞ւցե հենց դուքսին: Չեչիլիայի աչքերի մեջ կարող ենք տեսնել նաև սպիտակ ներկով արված ու լույսի արտացոլանք հիշեցնող շրջաններ: Բնորդուհու դիրքը նույնպես հատկանշական է արվեստի աշխարհում՝ այն առաջին կտավն է, որտեղ «հերոսը» նման դիրքով է պատկերված:
Վզնոցը. Չեչիլիայի պարանոցին մուգ վզնոց կա, որը նույնպես հնարավոր է խորհրդանշում է իր սիրեցյալին: Վերջինիս իր թուխ մաշկի պատճառով անվանում էին նաև «Moro» կամ «Moor», ինչը թարգմանաբար նշանակում է խափշիկ: Հնարավոր է, որ դա Վինչին վզնոցը պատկերելով փորձել է այս կերպ ևս ցույց տալ կնոջ սիրեցյալի «ներկայությունը»:
Կտավի ճանապարհորդությունները…
«Կզաքիսով տիկինը» կտավի մասին գրավոր հավաստի տեղեկությունները սկսվում են 18-րդ դարի վերջից։ 1798 թվականին կտավն Իտալիայից Կրակով է բերում լեհ իշխան Ադամ Չարտորիսկին՝ որպես նվեր արվեստի նմուշներ հավաքող իր մոր` Իզաբելայի համար: Վերջինս դրա վրա որոշ փոփոխություններ անելուց հետո 1802թ.-ին այն հանձնում է իր կողմից հիմնված թանգարանին։
Երբ 1830թ.-ին լեհական ապստամբության արդյունքում Չարտորիսկիների ունեցվածքը բռնագրավվում է Ռուսական կայսրության կողմից, Իզաբելան կարողանում է այդ և մի քանի այլ կտավներ ուղարկել Փարիզ: Իզաբելայի թոռ Վլադիսլավը, փրկվելով ֆրանս-պրուսական պատերազմից, լքում է Ֆրանսիան և 1876 թվականին հավաքածուն վերադարձնում Լեհաստան, որտեղ Կրակովում բացում է թանգարան` Չարտորիսկիների անունով: Հետաքրքրական է, որ այդ ժամանակ նույնիսկ կտավի այդ ազնվական տերերը չգիտեին, որ դրա հեղինակը դա Վինչին է: Կտավի նույնականացումը Լեոնարդոյի վրձնին կատարվել է ավելի ուշ։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կտավը ապահովության համար տեղափոխվել է Դրեզդենի պատկերասրահ: Երկրորդ համաշխարհային պատերազմից քիչ առաջ այն կրկին թաքցվել է, սակայն 1939 թվականին հայտնվել է նացիստների ձեռքում։
Գերմանիայի կողմից Լեհաստանի օկուպացումից հետո 1939 թվականին նկարը տարհանվել է Լինց` Հիտլերի թանգարան, և շուտով հայտնվել կայզեր Ֆրիդրիխի բեռլինյան թանգարանում (այժմ` Բոդե թանգարան)։ 1940 թվականին Լեհաստանի գեներալ-նահանգապետ Հանս Ֆրանկը հրամայում է կտավը վերադարձնել Կրակով։ Պատերազմի վերջում լեհ-ամերիկյան հանձնաժողովը կտավը հայտնաբերում է Ֆրանկի` Բավարիայում գտնվող տանը։ 1946 թվականին «Կզաքիսով տիկինը» վերջապես վերադառնում է «տուն»՝ Լեհաստան: Այժմ այն գտնվում է Կրակովի ազգային թանգարանում:
«Կզաքիսով տիկինը» Լեոնարդո դա Վինչիի գործերից միակն է, որ գտնվում է Լեհաստանում և այս փաստը հպարտության տեղիք է տալիս լեհերին: