Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում. armeniasputnik.am

Մթա 8-րդ դարի դամբարան Երևանի ամենաայցելվող վայրում. անգամ երևանցիներից շատերի համար հայտնություն կլինի, եթե ասենք, որ ուրարտական եզակի այս դամբարանը գտնվում է «Երևան մոլ» առևտրի կենտրոնում։

Մենք որոշեցինք այցելել և տեսնել վաղնջական ժամանակներում հայերի կառուցած ու հրաշքով փրկված պատմության այդ պատառիկը։

Դամբարանի մասին մեզ հայտնի էր միայն դրա գտնվելու վայրը։ Բայց նույնիսկ առևտրի կենտրոնում գործող խանութների աշխատակիցներն ու այցելուները մեր հարցը լսելիս տարակուսում էին. «Դամբարա՞ն»։

Ստիպված եղանք զանգահարել առևտրի կենտրոնի տնօրինություն, շուտով մեզ մոտեցավ կենտրոնի հանդերձապահուհին ու ուղեկցեց դեպի հնավայր։

Պարզվեց, որ դամբարանի մուտքը դրսից է` առևտրի կենտրոնի հետնաբակի կողմից։ Առաջին հայացքից դա մի փոքրիկ, կոկիկ շինություն էր, դեպի ցած շուրջ երկու մետր խորությամբ գետնափոր աստիճաններով։ Մուտքի երկաթյա դուռը փակված էր կողպեքով։ Դրա բանալին ի պահ է հանձնված հանդերձապահ կանանց, ովքեր այցելուների ցանկության դեպքում բացում են դուռն ու ուղեկցում դեպի Վանի թագավորության հավատալիքների աշխարհ։

Մուտքի դռան հետևում մեր առջև բացվեց հնագույն դամբարանի զարմանալիորեն լավ պահպանված ամբողջական կառույցը` սրբատաշ տուֆից շարված պատերով, տանիքով ու հատակով։

Հատակի սալաքարերից մեկի տակ, պարզվում է, եղել է դամբարանի գաղտնարանը։

Այս մասին մեզ պատմեց Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիմոն Հմայակյանը, որ 35 տարի առաջ այն առաջիններից էր, ովքեր մուտք գործեցին պատահաբար հայտնաբերված դամբարանը։

1984թ–ին, ներկայիս «Երևան մոլի» տարածքում գտնվող Երևանի «Ավտոագրեգատ» գործարանի տնօրենը զանգահարել էր ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինսիտուտ և հայտնել, որ գործարանի տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս ինչ–որ հնություններ են գտել։ Հավաքվեց մասնագետների խումբ ու գործուղվեց գործարանի տարածք` պեղումներ կատարելու։

«Ես պեղումներ ասում եմ չակերտների մեջ, որովհետև պեղումների ժամանակ որպես կանոն հող ենք տեղափոխում, այս դեպքում մենք տեղափոխում էինք մածուցիկ ինչ–որ հեղուկ զանգված` գործարանից դեպի դամբարան արտահոսած նավթի, բենզինի, յուղի խառնուրդ։ Ավելի շատ դույլերով էինք աշխատում, քան այլ գործիքներով»,– հիշում է հնագետը։

Երբ տարածքը մաքրվեց, պարզ դարձավ, որ դամբարանը 28 դար մնացել է չկողոպտված ու մեզ է հասել գրեթե նախաստեղծ վիճակով։

Դամբարանի պատերն այսօր էլ դեռ կրում են խորհրդային արդյունաբերական թափոնների անջնջելի հետքերը։ Բայց դա թերևս նոր ժամանակների միակ բացասական ազդեցությունն է հնագույն կառույցի վրա։ Մնացած ամեն ինչն այստեղ այնպես է, ինչպես կառուցվել է 3000 տարի առաջ։

Դամբարանի որմնախորշերում տեղադրված 5 աճյունասափորներն ու հնագույն իրերը մասնագետներին թույլ տվեցին որոշակի ենթադրություններ անել դրանում ամփոփված մեր նախնիների սոցիալական կարգավիճակի ու նրանց հավատալիքների մասին։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am