Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նոր թատերաշրջանը սկսվելու է նոր ներկայացումներով: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ ունենալու են ճոխ թատերաշրջան: Սպասվում են ինչպես պրեմիերաներ, այնպես էլ նոր մեկնաբանությամբ ներկայացումներ:
«Բավական ակտիվ շարունակելու ենք մեր աշխատանքը: Հանդես ենք գալու մի շարք ներկայացումներով, որոնցում խաղալու են ոչ միայն մեր թատրոնի, այլև հրավիրված դերասաններ: Աշխատում ենք նաև հրավիրված ռեժիսորների հետ: Արդյունքում՝ նոր շունչ է հաղորդվում մեր աշխատանքին, ինչն էլ գնահատվում է հանդիսատեսի կողմից»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սեպտեմբերի վերջին թատերասերները հնարավորություն կունենան դիտելու նոր «Թռիչք» ներկայացումը, որը բեմադրում է թատրոնի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը: Ներկայացման մեջ խաղում են Գյումրու թատրոնի դերասանները և մեկ հրավիրված դերասանուհի՝ Անի Խաչիկյանը:
«Այսօր մեզ բոլորիս պակասում է թռիչքը, շատ ենք կպած հողին, շատ ենք ներքև նայում՝ մոռանալով վերևում առկա գեղեցկության մասին: Ներկայացման մեջ խաղում են Անի Խաչիկյանը, Արսեն Միքայելյանը, Սամվել Գրիգորյանը: Գլխավոր ուղերձն այն է, որ մարդիկ չմոռանան երազանքի մասին: Թեման նաև այսօրվա իրականության հետ հետաքրքիր առնչություն ունի, թռչուններին տրվել է ազատություն, սակայն նրանք չգիտեն ինչ անեն այդ ազատության հետ: Այսօր մեզ տվել են ազատություն ու մարդիկ մտածում են ինչ ուզեն այն էլ կանեն, այնինչ դա այդպես չէ»,-ասաց Նիկոլայ Ծատուրյանը:
Նա տեղեկացրեց, որ ներկայացումը հիմնականում պատրաստ է, միայն տեխնիկական հարցերն են հստակեցվում:
Գյումրու թատրոնը նոր մեկնաբանությամբ ներկայացնելու է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պիեսը: Թատրոնի ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը նշեց, որ ավանդույթի համաձայն ամեն տարի հրավիրում են նոր ռեժիսորների ու դերասանների: «Երկնագույն շան աչքերը» պիեսի գլխավոր դերակատարներից է հրավիրված դերասանուհի Իննա Խոջամիրյանը:
«Մեր թատրոնը միշտ փորձում է ընտրել պիեսներ, որոնք հետաքրքրիր են հանդիսատեսին; Ներկայում էլ մենք այդ տեսանկյունից պրպտումների մեջ ենք: Դա շատ կարևոր գործընթաց է, դրան գումարվում է այն, թե այդ պիեսն ինչպես ես ներկայացնում, որպես ռեժիսոր ինչպես ես ասելիքդ տեղ հասցնում: Մեկ խոսքով, մանրակրկիտ աշխատանք է կատարվում»,-ասաց նա:
Թատրոնի ղեկավարությունն ու ռեժիսորները չեն մոռացել երեխաներին: Հատուկ նրանց համար պատրաստվում է «Բուրատինոյի արկածները» ներկայացումը նոր մոտեցմամբ:
Մինչ նոր ներկայացումները, Գյումրու թատրոնը հանդես կգա երևանյան հյուրախաղերով: «Հարսանիք թիկունքում» ներկայացումը հունիսի 27-ին և 28-ին կներկայացվի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում: Երևանում այս ներկայացումը դերասանները խաղացել են 20-ից ավելի անգամ, և ամեն անգամ այն անցել է լեփ-լեցուն դահլիճով: Թատրոնը հյուրախաղերով եղել է Լիբանանում, ԱՄՆ-ում, որտեղ նույնպես հանդիսատեսի պակաս չի զգացվել: Թատրոնի դերասան Արսեն Միքայելյանը նշեց, որ այդ հաջողությունները պատահական չեն, դրանք հետևողական աշխատանքի արդյունք են:
«Մենք դարձել ենք հանրապետության չափանիշային թատրոններից մեկը, ապահովում ենք որակ: Մեր թատրոնը բաց դաշտ է ստեղծագործողների համար, ցանկացած դերասան, լավ ռեժիսոր ով ունի ասելիք, կարող է գալ, մեր դռները բաց են: Առաջիկայում սպասվող թատերաշրջանը լինելու է բուռն, էմոցիաներով լի»,-ասաց Արսեն Միքայելյանը:
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում ունեն հետաքրքիր նախագիծ ռոք խմբերից մեկի հետ: Փակագծերն առայժմ շատ չի բացում, սակայն նա նշեց, որ դերասաններն ու ռոք խումբը հանդես կգան միասին, երգելու են նաև դերասանները, հիմքում լինելու է Գյումրու ֆոլկ երաժշտությունը: