Երիտասարդ դերասանուհի Տիրուհի Հակոբյանը, որը լսարանին հայտնի դարձավ «Կարմիր բլուր» հեռուստասերիալում ունեցած դերակատարմամբ, նախագծի ավարտից հետո նոր աշխատանքով չներկայացավ հեռուստադիտողներին: Tert.am Life-ի հետ զրույցում Տիրուհին պատմեց չնկարահավնելու պատճառի և ի հայտ եկած առողջական խնդրի մասին: Դերասանուհու հետ զրուցել ենք նաև ամուսնության մասին, քանի որ տարեսկզբին ասել էր, որ իր հարսանիքը նախատեսվում է ամռանը:
Տիրուհին վստահեցնում է՝ առաջարկների պակաս չի ունեցել, պարզապես «Կարմիր բլուրի» նկարահանումների ավարտից հետո իր մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել: Թե ինչ խնդիրների մասին է խոսքով, դերասանուհին մանրամասնել չցանկացավ , միայն նշեց, որ մոտ մեկ ամիս բուժման կուրս է անցել, հիմա իրեն լավ է զգում:
«Այս ընթացքում Հրանտ Թոխատյանի հետ գովազդում ենք նկարահանվել: Բացի այդ, 25 մասանոց ֆիլմում նկարահանվելու առաջարկ եմ ստացել: Նկարահանել ենք առաջին մասը, հուսով եմ՝ նախագիծը կհաստատվի, որովհետև շատ հետաքրքիր է»,- ասաց Տիրուհին ու հավելեց, որ եթե այդ նախագիծը չհաստատվի, առաջիկայում հեռուստադիտողներին այլ նորությամբ կներկայանա, քանի որ առաջարկներ ունի:
Անդրադառնալով իր և Հայկի հարսանիքին՝ Տիրուհին ասաց, որ նախատեսում էին ամռանն ամուսնանալ, սակայն երկմտում են հիմա՞ ամուսնանալ, թե՞ մի քիչ էլ սպասել․ «Մենք շատ ենք ուզում այս տարի ամուսնանալ, սակայն հարսանիքը դեռ հետաձգվում է: Խնդիրն այն է, որ մեր բնակարանը պատրաստ կլինի 2020-ին: Մի կողմից մտածում ենք հիմա ամուսնանալ, մյուս կողմից ուզում ենք միանգամից մեր տանն ապրել»:
Դերասանուհու խոսքով՝ հարսանիքի հետաձգվելու պատճառով չի սրտնեղում․ «Շատ չեմ սրտնեղում, քանի որ այսպես, թե այնպես ամբողջ օրը Հայկի հետ եմ լինում: Մենք հարևան շենքերում ենք ապրում և միայն գիշերներն են բաժանվում իրարից: Եթե թատրոնում փորձերի չեմ, հաճախ գնում եմ իր աշխատավայր: Օրվա մեջ ունեցած ազատ ժամանակն անպայման իրար հետ ենք անցկացնում»,- ասաց Տիրուհին, ով զրույցի պահին էլ սիրելիի հետ էր:
Չշտապելու համար Տիրուհին ևս մեկ առիթ ունի՝ հիմա անհոգ է: «Իրականում նաև հասկանում եմ, որ ամուսնությունը մեծ պատասխանատվություն է ենթադրում: Իհարկե, երկուսս էլ պատասխանատու ենք, սակայն հիմա ավելի թեթև ենք ապրում»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ life.tert.am