Տավուշի սահմանամերձ Բերքաբեր համայնքի «ՆանՍոն» կարի արտադրամասում և Կողբի գեղարվեստի դպրոցում գործող «Երեքնուկ» արհեստանոցում օր օրի ավելանում է պատվերների թիվը։ Բերքաբերում հիմնված «ՆանՍոն» կարի արտադրամասը իր գործունեության մեկ տարվա ընթացքում հասցրել է 40 տարբեր ընկերությունների հետ գործնական կապեր հաստատել:
«Արտադրամասը հիմնվել է անցած տարի և արդեն մեր աշխատանքներում օր օրի դրական միտում ենք տեսնում, քանի որ պարբերաբար պատվեր ենք ստանում, ինչպես նաև շատացել են պատվերների ծավալները: Իրավիճակ է եղել, երբ չէինք կարողանում հասցնել կատարել պատվերները, ուստի որոշեցինք մեծացնել արտադրամասի տարածքը»,- ասաց արտադրամասի հիմնադիր Խորեն Խուդավերդյանը։
Նրա խոսքով` իրենց արտադրամասը լուծում է նաև գյուղի բնակիչների սոցիալական խնդիրը և հնարավորություն է տալիս բնակիչներին մնալ գյուղում: «Ցավոք, հումքը բերվում է արտասահմանից, հագուստ կարելու համար այդպիսի որակի կտորներ Հայաստանում չունենք, իսկ շուկան պահանջում է բարձր որակի կտորներ»,- նշեց արտադրամասի հիմնադիրը:
Կարի արտադրամասը ստեղծվել է «Սահման» կազմակերպության աջակցությամբ։ Բերքաբերցի ձեռնարկատիրոջն աջակցում է նաեւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը։
Իսկ Կողբի գեղարվեստի դպրոցում գործող «Երեքնուկ» նախաձեռնության անդամները 10 տարուց ավելի ստեղծում են ձեռքի աշխատանքներ՝ նկարազարդ դրամապանակներ, պայուսակներ, ակնոցի և հեռախոսի տուփեր, գոտիներ, վզնոցներ, բատիկ վզկապներ, դեկորատիվ կոմպոզիցիաներ և այլ հուշանվերներ, որոնց վաճառքից ստացված գումարի մի մասը ծախսվում է դպրոցի կարիքների համար:
«Նախաձեռնությունը մոտ 10 տարուց ավելի գործում է: Կողբի գեղարվեստի դպրոց են հաճախում ոչ միայն սահմանամերձ այս գյուղի, այլև շրջակա համայնքների երեխաները։ Բարեգործական դպրոցը մասնավոր է և անվճար, այսինքն՝ չունի պետության կողմից ֆինանսական աջակցություն, ուստի որոշեցինք ինչ-որ ձևով օգնել դպրոցին։ Այդ նպատակով ստեղծեցինք այս խումբը, որը 10-ից ավելի աշխատողներ ունի։ Արտադրանքը վաճառում ենք Հայաստանի ողջ տարածքում ՝ հիմնականում համացանցի միջոցով»,- ասաց նախաձեռնության հիմնադիրներից Սաթենիկ Ղուլիջանյանը։
«Երեքնուկ» նախաձեռնության անդամները սովորեցնում են նաև երեխաներին կիրառական արվեստի ճյուղերը՝ սկսած մետաքսի վրա նկարչությունից մինչև կարպետագործություն։