Կյանքի 74-րդ տարում մահացել է ամերիկացի դերասան Բիլլի Դրագոն: Այդ մասին The Hollywood Reporter-ին հայտնել է նրա ներկայացուցիչը: Նա վախճանվել է հունիսի 24-ին Լոս Անջելեսում: Մահվան պատճառը չի ճշտվում:
Բիլլի Դրագոն (իսկական անունը՝ Ուիլյամ Յուջին Բերոուզ) սկսել է կինոյում նկարահանվել 1979 թվականին: Նշվում է, որ նա հնդկացիական արմատներ ուներ, ուստի սկզբնապես կինոյում և հեռուստատեսությունում նրան բաժին են ընկել հնդկացիների դերեր:
Նրա ամենահայտնի դերերն են դև Բարբասան «Հմայվածները» և Ֆրենք Նիթթին «Անձեռնմխելիները» ֆիլմերում: Բացի դրանից, դերասանը նկարահանվել է «Գերբնականը», «Գաղտնի նյութեր», «Լուսնի լույսը» խուզարկուական գործակալությունը» սերիալներում: Ընդամենը Դրագոն խաղացել է 107 կինոնկարում, ինչպես նաև մի քանի անգամ հանդես է եկել որպես կինոյի պրոդյուսեր և սցենարիստ: