Բարձրահասակ, հաղթանդամ տղամարդ է սառնաղբյուրցի Ռուզվելտ Թորոսյանը՝ 70-ամյա տարիքին բնորոշ կնճիռներից զուրկ դիմագծերով: Թավ հոնքերի տակից փայլող ածուխի սեւության աչքերը խոսում են կյանքի նկատմամբ անսահման սիրո մասին: Սպիտակ բեղ-մորուսի տակից ծիկրակող ժպիտից բարություն է ծորում: Առավոտ վաղ իր բակում հայտնվածներիս դիմավորում է ամուր ձեռքսեղմումով ու կես դարն ապրած, երկրորդ կեսին մոտեցողի տիեզերական փիլիսոփայությամբ՝ հ յուրն Աստծունն է: Քաղաքի շոգից փախածներիս համար գյուղի զով օդը փրկություն է, եւ մենք, հրաժարվելով տուն մտնելու հրավերից, տեղավորվում ենք բակի նստարաններին:
«Եթե չասեիք, որ 70 տարեկան եք, հաստատ ավելի երիտասարդ էինք կարծելու»: Տանտերը ծիծաղում է. «Չմոռանանք, որ 5000-ամյա շերտի վրա եմ ապրում՝ թարմ եմ մնացել»: Ռուզվելտ Թորոսյանն ակնարկում է տան եւ հողամասի տարածքում մոտ 30 տարի առաջ հայտնաբերած դամբարանադաշտերի մասին, որոնց գոյությունը գուցե այդպես էլ չբացահայտվեր, եթե անհրաժեշտ չլիներ փայտե զուգարանի համար այգու տարածքում փոս փորել: Ռուզվելտ պապի մտքով չէր էլ անցնում, որ սովորական բահի օգնությամբ մի քանի հազարամյակ հետ է գնալու:
Հսկայական սալաքարեր, հարթ տաշվածքով քարե հատակ, պատրաստի պատեր, հողե տանիք՝ զուգարանի համար «անպիտան» փոսը շատ արագ վերափոխվում է կարտոֆիլի հորի: «Դե պարզ է, որ զուգարանն ուրիշ տեղ պիտի փորեի,- զրուցակիցս ծիծաղում է,- որոշեցի հոր սարքեմ՝ կարտոֆիլ, գազար, ճակնդեղ պահելու համար: Սալաքարե հատակը կար, պատերը կային, էնտեղ վերեւում մի կլոր անցք թողեցի, որ իջնենք-ելնենք ու վերջ: Հա, չմոռանամ ասել, սանդուղքն էլ շարժական է»:
Հրավեր ենք ստանում անձամբ իջնելու ամերիկյան հայտնի «LOST» սերիալի գաղտնի անցուղիներին իր խորհրդավորությամբ չզիջող կարտոֆիլի հորը:
Ավելի մանրամասն՝ hetq.am