«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ Հայաստանում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Այսօր՝ հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված երկրների դեսպանները, դեսպանությունների ներկայացուցիչներն ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներն անձամբ ներկայացրին փառատոենի հետ համատեղ ծրագրերը:
««Ոսկե ծիրան» կինոփառատոնն իր 16 տարիների ընթացքում անչափ գնահատել է միջազգային կազմակերպությունների եւ դեսպանությունների հետ համագործակցությունը: Ուրախ ենք, որ այս տարի էլ աշխատելու ենք մեր գործընկերների հետ»,-ասուլիսի սկզբում շեշտեց «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը:
Կինոփառատոնը Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցում է Talent Lab ծրագրի շրջանակում, որի ընթացքում վարպետության 4-օրյա դասընթաց կանցկացնեն հայտնի կինոքննադատ, Կաննի Critics Week ծրագրի համակարգող Օլիվյե Պելիսոնն ու պրոդյուսեր Ֆրանսուա դ՛Արտեմարը: «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի շրջանակում կցուցադրվեն մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Անյես Վարդայի հրաժեշտի ֆիլմը, Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջի» արժանացած Նադար Լապիդի «Հոմանիշները»:
«Մեզ համար «Ոսկե ծիրանը» տարածաշրջանային մասշտաբով կարեւոր կինոփառատոններից է: Այն թույլ է տալիս միջազգային կինոփառատոններում դափնեկիր ֆիլմերը ցուցադրել Հայաստանում՝ հանրությանը բացահայտելով միջազգային կինոարտադրության բազմաժանրությունը: Այս տարի փառատոնի շրջանակում ֆրանսիական արտադրության 23 ֆիլմ կցուցադրվի, որոնցից մեկը կլինի պրեմիերայի տեսքով: Ինչպես ամեն տարի՝ փառատոնին մասնակցելու համար Ֆրանսիայից կժամանեն մասնագետներ: Ուրախ ենք, որ ֆրանսիական կինոն լավագույնս ներկայացված է կինոփառատոնի շրջանակում»,-ընդգծեց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Ավելի մանրամասն՝ news.am