Երբ գործը հասնում է նոր լեզու սովորելուն, շատ բնական է խոստովանել, որ դուք փակուղու առաջ եք հայտնվել կամ էլ լրացուցիչ մոտիվացիայի կարիք ունեք: Իրականում, այս ամենին, անկասկած, ինչ-որ պահի կբախվեք: Լեզվի ուսուցումը երկարատև գործընթաց է, որը նվիրվածություն և խանդավառություն է պահանջում: Այս նպատակին հասնելու համար մեզնից երկար ժամանակ է պահանջվում, այդ իսկ պատճառով, առաջ գնալու համար մենք ժամանակ առ ժամանակ խրախուսանքի կարիք ենք ունենում:
Հաշվի առնելով այս ամենը՝ ներկայացնում ենք այն կարևոր խորհուրդները, որոնց օգնությամբ նոր լեզու սովորելիս չեք կորցնի մոտիվացիան:
- Հիշե՛ք, թե որն է լեզու սովորելու ձեր նպատակը
Դուք հենց այնպես չեք սկսում նոր լեզու սովորել: Գուցե ցանկանում եք ավելի շատ բան սովորել ճամփորդությունների ընթացքում, կամ էլ՝ ավելի մրցունակ լինել աշխատաշուկայում: Երբ ձեր ուղեղը կենտրոնացած է քերականություն կամ էլ բայի խոնարհում սովորելու վրա, տրամաբանական է, որ կարող եք նաև մոռանալ այդ բայերը: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ ցանկացած նպատակի վիզուալիզացումը օգնում է հաջողության հասնել:
- Խորհե՛ք մինչ այժմ սովորածի շուրջ
Նոր լեզու սովորելը, անկասկած, մեծ նախաձեռնություն է, և գուցե ձեզ վախեցնի այն փաստը, որ դեռ շատ բան կա սովորելու: Նախքան առաջ գնալը մի փոքր ժամանակ տրամադրեք այն ամենին, ինչ արդեն արել եք: Օրինակ՝ փորձեք մի փոքրիկ պատմվածք կամ էլ բանաստեղծություն գրել այն լեզվով, որը սովորում եք: Ձեր ջանքերի ուղղակի արդյունքն ինչ-որ բան շոշափելի դարձնելը կլինի, ինչն էլ կօգնի շարունակել նույն ընթացքով ու զարգացնել ձեր կարողությունները:
- Պարզե՛ք, թե ինչն է շեղում ձեր ուշադրությունը
Մոտիվացիա կարող է լինել կամ չլինել, բայց մեզ այնպիսի ռազմավարություն է պետք, որը կօգնի առաջ գնալ անգամ այն ժամանակ, երբ սպառվում է էներգիան: Տարբերակներից մեկն էլ այլ լուծում գտնելն է, տարբերակ, որը կշեղի մեզ մեր նպատակներից:
Գուցե մենք պարտավոր ենք տեղեկացված լինել այն բոլոր հեռուստատեսային ծրագրերից, որոնք ընկերներն են առաջարկում, կամ էլ կարևորը քնելուց առաջ Facebook-ում ժամանակ անցկացնելն է: Ինչպես էլ որ շեղվենք մեր նպատակից, կարևորն այդ ամենը գիտակցելն ու ինքներս մեզ հարց տալն է՝ Արդյո՞ք հնարավոր չէ ապրել առանց այս ամենի: Մենք սահմանափակ քանակությամբ էներգիա ու ժամանակ ունենք, ինչն էլ նշանակում է, որ մեր յուրաքանչյուր կայացրած որոշում փոխզիջում է ակնկալում: Կարևորը ոսկե միջին գտնելն է, որպեսզի մենք ունենանք բավարար ժամանակ՝ հասնելու համար այն ամենին, ինչն իսկապես կարևոր է մեզ համար:
- Պարգևատրե՛ք ինքներդ ձեզ
Իսկ հիմա ամենալավ խորհուրդը: Ճիշտ ուղուց չշեղվելու համար ձեր հիմնական նպատակը բաժանեք ավելի փոքր նպատակների ու փուլերի, իսկ հետո ամեն մի փուլում արձանագրած հաջողության համար պարգևատրեք ինքներդ ձեզ: Օրինակ, երբ սովորեք ուսումնասիրվող լեզվում սննդին ու խմիչքին վերաբերող բոլոր բառերը, կարող եք գնալ այն խնջույքին, որի մասին երազել եք (ինչն էլ լավ առիթ է՝ բոլոր ընկերներին ձեր նոր հմտությունները ցույց տալու համար): Իսկ ամենալավ մրցանակը՝ աշխարհով մեկ շրջագայությունը, որն անկասկած մոտիվացնող է, թողեք վերջում: Բայց մի մոռացեք նաև փոքր հաղթանակներ տոնել:
Նյութը Babbel.com կայքից հրապարակման պատրաստեց Անժելիկա Այվազյանը