Դ.Դիդրոն ասում էր. «Մարդիկ դադարում են մտածել, երբ դադարում են ընթերցել»: Միևնույն կերպ են մտածում նաև մի շարք փորձագետներ, որոնք համոզված են, որ, եթե մարդ ոչինչ չի կարդում, ապա չի էլ կարող մտածել որևէ բանի մասին: Ի՞նչ է տալիս մարդուն ընթերցանությունը: Ինչո՞վ է տարբեր գրքեր կարդալն օգտակար: Արդյո՞ք ընթերցանությունն ազդում է անձի ձևավորման վրա: Գի՞րք կարդալ, թե՞ ֆիլմ դիտել: Ո՞րն է ավելի լավ:
Ներկայումս մարդկանց մեծ մասը գիրք կարդալու փոխարեն՝ նախընտրում է ֆիլմ դիտել: Բայց ոչինչ այնպես չի ընդլայնում աշխարհայացքը, ինչպես ընթերցանությունը: Ոչինչ և ոչ մեկը չի կարող փոխարինել գրականությանը:
Այս մասին գրում է Micrusha.ru կայքը:
Ինչո՞ւ է գիրք կարդալն այդքան հետաքրքիր
Ընթերցանությունը մարդուն գեղագիտական հաճույք է պատճառում և նրա մոտ զգացմունքներ առաջացնում (հրճվանք, ուրախություն, ծիծաղ և արցունքներ): Գրքերում կարող եք Ձեզ անհանգստացնող մի շարք խնդիրների պատասխաններ գտնել, պարզել այս կամ այն խնդիրը կամ էլ ստեղծված իրավիճակից ելք գտնել: Որքան էլ զարմանալի է, գիրքը կարող է նույնիսկ գուշակել Ձեր ապագան:
Գրքի հերոսները, իրենք էլ չգիտակցելով, կարող են ստիպել մարդուն խորհել կյանքի իմաստի, փոխհարաբերությունների, սիրո և ընկերության շուրջ: Նրանց մեջ կարող ենք գտնել մեր բնավորության գծերը, մարդկանց և կյանքի նկատմամբ մեր վերաբերմունքը: Գրական հերոսը մեզ մոտ զգացմունքներ է առաջացնում. նա կարող է գոհացնել մեզ, և հակառակը՝ մենք կարող ենք դատապարտել, արդարացնել նրան, խղճահարություն զգալ նրա հանդեպ, կամ էլ հիանալ նրանով: Գրքի ընթերցման ժամանակ մարդն անընդհատ գնահատում է հերոսների արարքները, մտածում, թե ինչ կաներ նրանց փոխարեն:
Գիրքն ընթերցելիս մենք կարծես ապրում ենք գրական հերոսների կյանքով, իսկ որոշ պահերի նույնիսկ կարողանում ենք տեսնել առօրյա կյանքում մեր սխալներն ու զուգահեռներ տանելով՝ համապատասխան եզրակացություններ անել:
Գի՞րք, թե՞ ֆիլմ
Բազմաթիվ գրական ստեղծագործությունների հիման վրա ֆիլմեր են նկարահանվում, և միանգամից հարց է ծագում. Գի՞րքը կարդալ, թե՞ ֆիլմը դիտել: Վերջին ժամանակներում մարդկանց մեծ մասը նախընտրում է ֆիլմեր դիտել: Սակայն ֆիլմն ու գիրքը չի կարելի համեմատել, որովհետև սրանք երկու տարբեր տեսակի ստեղծագործություններ են: Գիրքն ու դրա հիման վրա նկարահանված ֆիլմը տեսանելի որակական տարբերություններ ունեն: Որպես կանոն, գրական ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմը չի արտացոլում գրքի բոլոր մանրամասները: Ավելի ճիշտ է սկզբում կարդալ գիրքը, ապա նոր դիտել ֆիլմը: Քանի որ ընթերցանությունը զարգացնում է երևակայությունը, թույլ է տալիս ընդլայնել Ձեր աշխարհայացքը, խորհել ինչ-որ բանի շուրջ, ինչպես նաև՝ միայնակ մնալ գրքի հերոսների հետ:
Համացանցով գրքի ընթերցումը
Տեղեկատվական առաջընթացը թույլ է տալիս ընտրել գիրք ընթերցելու Ձեր տարբերակը: Այսինքն՝ ավանդական գրքի ընթերցանություն և համացանցի բջջային տարբերակով ընթերցանություն: Ընթերցանության երկու տարբերակներն էլ ունեն առավելություններ և թերություններ: Օրինակ՝ համացանցով գիրք ընթերցելն այդքան էլ հարմար չէ, բայց միևնույն ժամանակ՝ թույլ է տալիս գումար խնայել, քանի որ գրքերն այսօր այդքան էլ էժան չեն:
Գիրք կարելի է կարդալ նաև բջջային հեռախոսով, բայց փոքր էկրանն այնքան էլ հարմար չէ: Վերջերս գրքեր կարդալու համար հատուկ սարքեր են թողարկվում, որոնց էկրանը համապատասխանում է գրքի էջին:
Ինչպե՞ս հետաքրքիր գիրք ընտրել
Գրքի ընտրության հարցում չպետք է առաջնորդվել ուրիշի ճաշակով, գովազդով կամ էլ գրավիչ գրքաշապիկով: Մարդը պետք է ինքնուրույն ընտրի իրեն հետաքրքրող գեղարվեստական ուղղությունն ու ոճը: Հետաքրքիր գրքերի ընտրությունը որոշ ժամանակ է պահանջում, բայց ջանքերն արդարացված են:
Գիրք կարդալ՝ նշանակում է՝ խորհել ու երևակայել: Ընթերցանությունը ուսուցանող է, գրավիչ ու հետաքրքիր:
Հրապարակման պատրաստեց Անժելիկա Այվազյանը