Գարեջրի, գինու եւ ալկոհոլային այլ խմիչքների շշերում առողջության համար վտանգավոր թունավոր նյութեր են պարունակվում, ինչպես պնդում են Փլիմուտի համալսարանի (Անգլիա) գիտնականները։
Ինչպես տեղեկացնում է Phys.org-ը, մասնագետներն ուսումնասիրել են ալկոհոլային խմիչքների 89 շշերի քիմիական բաղադրությունը, որոնք հավաքվել են առեւտրային կետերից 2017-ի օգոստոսից մինչեւ 2018-ի օգոստոսը։ 76 շշերում գիտնականները գտել են կադմիում՝ ցածր մակարդակով, իսկ 55-ում՝ արճիճ։ Քրոմ հայտնաբերվել է կանաչ գույնի բոլոր շշերում, ինչպես նաեւ դարչնագույն շշերի 40 տոկոսում։
Ամենից շատ վնասակար քիմիկատներ, պարզվել է, պարունակվել են էմալապատ ապակե շշերում. կադմիումի պարունակությունը նման շշերում կազմել է 20 000 մասնիկ մեկ միլիոնում, իսկ արճճինը՝ 80 000 մասնիկ։
Մասնագետները հիշեցնում են, որ մետաղները կարող են ապակուց տարածվել այլ իրերի եւ առարկաների վրա։ Ավելին, դրանք ի վիճակի են կուտակվել այնքան, որ կգերազանցեն ԱՄՆ նորմատիվներն ու վտանգավոր կհամարվեն։