Տիրուհի Հակոբյանն ու Եվա Զոհրաբյանն իրենց սիրելիների հետ արկածային հանգիստ են ունեցել Փարիզում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տիրուհի Հակոբյանն ու Եվա Զոհրաբյանն իրենց սիրելիների հետ արկածային հանգիստ են ունեցել Փարիզում

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է, որ երիտասարդ դերասանուհիներ Տիրուհի Հակոբյանն ու Եվա Զոհրաբյանը բավականին մտերիմ են: Ընկերուհիների մտերմության շնորհիվ մտերմացել են նաև նրանց սիրելիները՝ Հայկն ու Գևորգը: Արդյունքում նրանք որոշել են միասին անցկացնել ամառային հանգիստն ու բոլորով մեկնել Փարիզ: Նրանց են միացել նաև Հայկի եղբայրն ու կինը՝ Արմանն ու Էլիզան:

Տիրուհին Tert.am Life-ին է տրամադրել հանգստի լուսանկարներն ու պատմել տպավորիչ ճամփորդության մասին: Նա նշեց, որ բուռն էմոցիաներով, խենթ արկածներով ճամփորդություն են ունեցել:

Փարիզ մեկնելու որոշումն ընկերախումբը պատահական է կայացրել: «Բոլորով նստած էինք, մտածում էինք՝ ո՞ւր կարելի է գնալ ապրիլի 7-ին, ընկերս՝ Հայկը, առաջարկեց երկրից դուրս գնալ: Սկսեցինք տարբերակներ քննարկել ու կանգ առանք Փարիզի տարբերակի վրա: Արդյունքում ապրիլի 7-ը տեղափոխվեց հունիս»,- ոգևորությամբ պատմեց Տիրուհին ու հավելեց, որ սիրելին իրականացրել է իր երազանքը:

Դերասանուհին ավելի վաղ եղել էր Փարիզում և դեռ այն ժամանակ երազանք էր մտապահել վերադառնալ այս քաղաք սիրելիի հետ․ «Երբ առաջին անգամ Փարիզում էի, մտքումս ասացի՝ շատ եմ ուզում իմ սիրելի մարդու հետ այստեղ լինել։ Սիրած մարդու հետ սիրո քաղաքում լինելը հեքիաթ է»:

Մեծ խմբով հանգստի մեկնելն իր բարդություններն ունի, քանի որ, որպես կանոն, ամեն մեկն ունենում է իր նախասիրությունները, սակայն Տիրուհին ասաց, որ իրենք նման խնդրի առաջ չեն կանգնել․ «Այդպիսի խնդիր չենք ունեցել, քանի որ բոլորիս ցանկությունները նույնն էին: Ի սկզբանե, ուզում էինք սիրո երկրում մեզ մտերիմ մարդկանց հետ լինել, այդ իսկ պատճառով առաջարկեցինք նրանց էլ միանալ մեզ»:

Տիրուհուն ամենից շատ տպավորել է Սենայի ափին անցկացրած գիշերը: «Տպավորիչ պահեր շատ են եղել, սակայն կառանձնացնեմ Սենայի ափին գիշերը ֆրանսիացի մի խումբ երիտասարդների հետ հանդիպումը: Նրանք վայելում էին իրենց հանգիստը, հնչում էր գեղեցիկ երաժշտություն, այդ ժամանակ զգացի փարիզյան գիշերվա խորհրդավոր մոգությունը: Չեմ կարող չառանձնացնել  նաև Էյֆելյան աշտարակ այցելությունը, որտեղից երևում էր սիրո և նրբաքաղաքի ամբողջ շունչը»,- ասաց դերասանուհին:

life.tert.am