ԱՄՆ-ում Դյուքի մասնավոր հետազոտական համալսարանի մասնագետները պարզել են, թե ինչպես կարելի է երեխայի մեջ զարգացնել ստեղծագործական մտածողություն։
Գիտնականներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ վաղ հասակից երեխան ստիպված է խաղալ միանգամից մի քանի սոցիալական դեր՝ որդի կամ դուստր, եղբայր կամ քույր, ընկեր և այլն։ Այնինչ, կա նրան իր «եսի» բազմակողմանիության մասին հիշեցնելու անհրաժեշտություն, ինչը կօգնի ճկունության և սոցիալական ադապտացման ձևավորման գործում։
Հետազոտությունում ներգրավվել է 6-7 տարեկան 196 երեխա։ Առաջին խմբի մասնակիցներին մատնանշել են նրանց սոցիալական դերերի բազմազանությունը (տղա, աղջիկ, ընկեր և այլն), երկրորդ խմբի համար նշել են նրանց տարբերությունը՝ ելնելով ֆիզիկական բնութագրերից, երրորդ խմբին պատմել են այլ երեխաների սոցիալական դրսևորումների բազմազանության մասին։
Այնուհետև փորձարկվողները պետք է կատարեին մի շարք առաջադրանքներ, որոնց արդյունքներով պարզվել է, որ լավագույն արդյունքը՝ ճկուն և ստեղծագործ մտածողություն, ցուցադրել են առաջին խմբի երեխաները։ Այսպիսով, ինչպես նշում են գիտնականները, գոյություն ունի երեխային մարդկային անձի բնույթի մասին գիտելիք տրամադրելու անհրաժեշտություն, ընդ որում՝ բացառապես անձնական օրինակով։
Դյուքի համալսարանի հոգեբանության և նյարդաբանության ամբիոնի դոցենտ Սառա Գեյթերը նշում է. եթե երեխաներին հիշեցնում ենք իրենց սեփական բարդ անհատականության մասին, ապա նրանք սկսում են մտածել սոցիալական ստանդարտ կատեգորիաներից դուրս։ Դա, իր հերթին, ձևավորում է երեխայի սոցիալական ճկունությունը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Developmental Science ամսագրում։