Ադրբեջաներենում կովկասյան պարսկերենի ենթաշերտի շուրջ
Advertisement 1000 x 90

Ադրբեջաներենում կովկասյան պարսկերենի ենթաշերտի շուրջ

Ստորև ներկայացնում ենք իրանագետ Վարդան Ոսկանյանի Facebook-յան գրառումը. «Նոյեմբերի 18-ին ԵՊՀ իրանագիտության ամբիոնում անցկացվելիք «Խաղանին և պարսկալեզու Շիրվանը» միջազգային գիտաժողովին նվաստիս զեկուցման թեզիսները՝ Ադրբեջաներենում կովկասյան պարսկերենի ենթաշերտի շուրջ:

Կովկասյան պարսկերենը կամ թաթերենը ժամանակակից պարսկերենի, դարի լեզվի (քաբուլյան պարսկերեն) և տաջիկերենի հետ միասին ժառանգորդը լինելով դասական նոր պարսկերենի (fārsī-yi darī), ընդհուպ մինչև 19-րդ դարավերջ նշանակալից և բացառիկ դերակատարություն է ունեցել Շիրվանի մշակութային և հասարակական-քաղաքական կյանքում՝ սկզբնապես Շիրվանշահերի պալատական և գրական լեզվի կարգավիճակից ի վերջո նաև վերածվելով Ապշերոնյան թերակղզուց մինչև Դերբենտ ընդգրկող տարածքների համընդհանուր խոսակցական տարբերակի:

Միայն 20-րդ դարասկզբից է, որ ցարական վարչակարգի՝ Շիրվանի տարածքն իրանական մշակութային և քաղաքական ազդեցությունից կտրելու, իսկ հետո նորաստեղծ Ադրբեջանական հանրապետություններում անցկացվող թյուրքացման քաղաքականության արդյունքում պարսկերենի կովկասյան կամ շիրվանյան տարբերակը աստիճանաբար սկսում է պատմական ամուր դիրքերը զիջել՝ մեր օրերում արդեն ստանալով վտանգված լեզվի կարգավիճակ:

Ակնհայտ է, որ մինչև նշված ժամանակաշրջանը պարսկերենի լեզվական գերակայության նման պայմաններում նույնիսկ գրական ադրբեջաներենը, ձևավորվելով Շիրվանի թյուրքական բարբառների հիման վրա, քերականական և բառապաշարային համակարգում չէր կարող խուսափել ոչ միայն գրական, այլ նաև տեղի խոսակցական շիրվանյան պարսկական ազդեցությունից՝ վերջին դեպքում իր մեջ ներառելով բազմաթիվ ենթաշերտային քերականական և բառապաշարային միավորներ:

Զեկուցման մեջ ադրբեջաներենի գրական և բարբառային տարբերակներում վկայված մի քանի բառային միավորների («արջառ», «բոխի», «ոզնի», «կաչաղակ», «գազար», «թան», «ջրհոր») հիման վրա կներկայացվի կովկասյան պարսկերենի ենթաշերտի հիմնահարցը, ինչպես նաև փորձ կարվի որոշարկել նման ենթաշերտային տարրերի տարբերակման հստակ մեթոդաբանությունը»:

Լուսանկարը՝ PanPhoto-ի



Նման նյութեր