Հեռուստատեսային դադարից հետո դերասան Ալեքսանդր Խաչատրյանը սկսել է նկարահանվել «Պատվից առավել» հեռուստասերիալում։ Նա առաջին անգամ է համագործակցում պրոդյուսեր Ելենա Արշակյանի հետ։ Նոր աշխատանքի առաջին մանրամասները դերասանը վստահել է Tert.am Life-ին: Նրա հետ զրուցել ենք նաև էկրանից այն կողմ իր նախասիրության մասին։
Դերասանի խոսքով՝ նախնական առաջարկը Ելենայից եղել է «Մոր խոստումը» հեռուստասերիալում հանդես գալու համար, սակայն երկրից բացակայելու պատճառով չի կարողացել նկարահանվել։ «Չնայած առաջին առաջարկն ընդունել չկարողացա, Ելենա Արշակյանի հետ պայմանավորվեցի, որ անպայման մասնակցություն կունենամ իր հաջորդ հեռուստասերիալում: Այդպես էլ եղավ։ Ելենայի հետ առաջին անգամ եմ աշխատում, հուսով եմ, ոչ վերջին։ Նախագիծը նոր ենք սկսել, ամեն ինչ լավ է, կարծում եմ, մեր համագործակցությունը կստացվի»,- ասաց դերասանը։
Թե ինչ կերպարով հեռուստադիտողները նրան կտեսնեն «Պատվից առավել» հեռուստասերիալում, դերասանը շատ չմանրամասնեց՝ նշելով, որ դեռ ինքն էլ հստակ որևէ բան ասել չի կարող։ «Կերպարիս հետ կապված մանրամասներ դեռ չգիտեմ, չգիտեմ, թե ինչ զարգացումներ են սպասվում, քանի որ հեռուստասերիալների դեպքում սցենարն ընթացքում է գրվում։ Ըստ իս՝ կերպարս բավականին հետաքրքիր կլինի, որովհետև ինքն իր հետ անձնական հակասությունների մեջ է՝ կա պատվի խնդիր, հոգու պարտքի խնդիր և, ամենակարևորը, զավակի խնդիր։ Այսինքն, այս ամենը հակադրվում է, ինչը շատ հետաքրքիր է։ Հուսով եմ՝ կկարողանամ կերպարս է՛լ ավելի հետաքրքրացնել»,- ասաց Ալեքսանդր Խաչատրյանը։
Ավելի մանրամասն՝ life.tert.am