DJ Ocean մականվամբ հայտնի դիջեյ Ալբերտ Կուրշուդյանը երեկ՝ հուլիսի 11-ին, նոր ռեկորդ սահմանեց, որն ամրագրվեց «Գինես»-ի ռեկորդների գրքի անալոգը հանդիսացող Հայաստանի ռեկորդների «Դյուցազնագրքում»: Առաջին անգամ Հայաստանում դիջեյը մեկ ժամ 30 րոպե նվագեց Արագած լեռան 3200 մ բարձրության վրա: Թե Ալբերտի, թե Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանի խոսքով՝ նման բարձրության վրա նվագելուն խոչընդոտող շատ հանգամանքներ կային, որոնք կարող էին ձախողել դիջեյի աշխատանքը: Դրանցից է, օրինակ, ճնշման տատանումը, որը կապված է բարձրությունից, ինչը կարող է խոչընդոտել նաեւ երաժշտության հնչողությանը:
«Սա իրոք յուրահատուկ ռեկորդ է, որը գրանցելուց հետո կաշխատենք այն ներկայացնել «Գինեսին»: Սա Հայաստանում կլինի առաջին նման ռեկորդը: Դժվար է ռեկորդ գրանցել ծովի մակարդակից 3200 մ բարձրության վրա՝ թե ֆիզիկական, թե երաժշտական հնչողության առումով: Մենք երաժշտական տարբեր ռեկորդներ ունենք, բայց սա իր բնույթի մեջ առաջինն է: Թթվածնի պակասը, եղանակային պայմանները… տարբեր բաներ կան, որոնք կարող էին խանգարող հանգամանքներ լինել»,-ասում է Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը:
Ամբողջությամբ՝ style.news.am