Շաքարի բարձր պարունակությամբ ըմպելիքների, ներառյալ մրգահյութի կանոնավոր գործածումն էապես մեծացնում է տարբեր ուռուցքաբանական հիվանդությունների, մասնավորապես, կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Այս անմխիթարական եզրակացույանն են հանգել մի խումբ ֆրանսիացի գիտնականներ իրենց կողմից կատարված հետազոտությունից հետո, որի արդյունքների մասին հայտնել է Daily Telegraph թերթը:
Գիտափորձին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ, որոնց միջին տարիքը կազմել է 42: Մի քանի տարվա ընթացքում Փարիզի Սորբոնի համալսարանի մասնագետները դիտարկել են կամավորների առողջական վիճակի փոփոխությունները՝ կախված նրանց կողմից գործածվող մթերքներից: Փորձագետները հիմնական ուշադրությունը կենտրոնացրել են քաղցկեղի տարբեր ձեւերի եւ քաղցր ըմպելիքների, այդ թում մրգահյութերի, ավանդական գազավորված ըմպելիքների եւ արհեստական քաղցրացուցիչներով ըմպելիքների միջեւ կախվածության ուսումնասիրմանը: Ըստ րում գիտնականները քաղցր են համարել 5 տոկոսից ավելի շաքարի պարունակությամբ ըմպելիքները:
Արդյունքները ցույց են տվել, որ յուրաքանչյուր հազար մարդու հաշվով արձանագրվել է ուռուցքաբանական հիվանդությունների 22 դերպք: Դեռ ավելին, օրական 100 միլիլիտր մրգահյութ խմած պացիենտների մոտ տարբեր ուռուցքաբանական հիվանդությունների ռիսկը մեծացել է 12 տոկոսով, ըստ որում կաթնագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացել է 15 տոկոսով: Գիտնականները նաեւ պարզել են, որ համանման ծավալով քաղցր գազավորված ըմպելիքի գործածումը քաղցկեղի տարբեր տեսակների զարգացման ռիսկը մեծացրել է 18 տոկոսով, մասնավորապես, կաթնեագեղձի քաղցկեղինը՝ 22 տոկոսով: Մասնագետները հիշեցնում են, որ մրգահյութերն, ինչպես եւ գազավորված ըմպելիքները շաքարի բարձր պարունակություն ունեն: