Երեկ ուշ երեկոյան, ժամը 23:50-ի սահմաններում երկարատև հիվանդությունից հետո 67 տարեկանում մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա որդին՝ Գոռ Ղևոնդյանը:
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,- ասված է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ևս հայտարարություն է տարածել՝ ցավակցելով դերասանի մահը:
Անվանի դերասանը թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից», «Խաչմերուկ», Վ.Շեքսպիրի «Ջոն արքա», «Կորիոլան», Ն.Զարյանի «Հացավան» (Վասակ), Մ.Գորկու «Հատակում», Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (Աշխատակից) եւ այլն:
Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում` «Կրակոց սահմանին» (1970թ.), «Նահապետ» (1977թ.), «Քարե հովիտ» (1977թ.), «Լիրիկական երթ» (1980թ.), «Դեռ ապրում ենք» (1986թ.), «Արյուն» (1990թ.), «Ուր էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Ընկեր Փանջունի» (1993թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Չգրված օրենք» (2006թ.), «Սիրո աստղ» (2009թ.), «Սիրո գործակից» (2015թ.) և այլն: 2004թ-ից երկար տարիներ բնակվել է Բելգիայում: