Մի զույգ կա մեր լողափում՝ տղամարդը ավելի հասուն, կինը՝ երիտասարդ։ Ընկերուհիներով վիճում էինք քանի օր է։ Ինձ ասում էին կինն է, ես պնդում էի, որ սիրուհին է։ Ինչ կին այ մարդ՝ ոչ նկարվում են, ոչ սելֆի անում, ոչ կռվում-բարիշում։
Ու երեկ երեկոյան, երբ տղամարդը մի պահ մենակ մնաց, գող կատվի նման նայեց կողքերը ու արագ հեռախոսը հանեց սկսեց զանգել։
Բնականաբար տուն էր զանգում։ Արագ մտավ դերի մեջ ու թախծոտ ձայնով սկսեց խղճի տեսարաններ սարքել.
-Սիրունս, քեզ ու երեխեքին ահավոր կարոտել եմ։
– Տո չէ հա, ինչ հանգստանալ, հազիվ էտ կոնֆերանսից պոկվել եմ, եկել եմ ափին մենակ տխուր նստել եմ, մի քիչ գլուխս խախանդվի…
-Իհարկե, քո ուզած օծանելիքը կառնեմ, հենց մտա Դյութի ֆրի, առաջինը դա կանեմ…
– Համբուրում եմ…
Տղամարդու տեսակ կա, որոնց ես անվանում եմ «ամուսնացած այրիներ»։ Իրենք ունեն կին, երեխաներ ու սիրուհի։ Սիրուհուն պարտադիր ասվում է, որ կնոջը չի սիրում, բայց ապրում է հանուն երեխաների, հետո պարզվում է, որ կինը ծանր հիվանդ է ու չի կարող այս պահին լքել, հետո կինը լավանում է, բայց մայրն է հիվանդանում ու այդ սթրեսին չի դիմանա, եթե կինը թոռներին հավաքի գնա։ Ու այդպես անցնում են տարիներ՝ խեղճ սիրուհին համբերատար սպասում է մինչև տղամարդը վերջապես կգա իր մոտ, սկսում է ատել ընտանեկան տոները՝ Նոր տարի, Զատիկ և այլն, որոնք ստիպված է լինում միայնակ անցկացնել, օրը մի քանի անգամ քրքրում է պաշտոնական կնոջ ֆեյսբուքյան էջը՝ տեսնելու համար հիվանդ կինը մեռնելու որ փուլում է գտնվում։ Ու կյանքնը նրա համար դառնում է սպասասրահ, մինչև ուրիշների կյանքի գնացքը սլանում է։ Եթե ուշքի է գալիս մի քանի տարի անց ու ռադ անում «ամուսնացած այրուն», ուրեմն բախտը բերել է։
Հա, ի դեպ,սովորաբար կինն իմանում է սիրուհու մասին, բայց ցույց է տալիս թե չգիտի։ Տղամարդիկ հազվադեպ են բաժանվում ու միայն այն դեպքում, եթե կինն է նախաձեռնողը լինում ու ասում է՝ գնա։ Եթե ոչ, այդ եռանկյունին տարիներով ձգվում է։
Հ.Գ. Հանուն արդարության պետք է նշել, որ «ամուսնացած այրիների» կողքին կան նաև «ամուսնացած ազնիվներ»։ Իրենք գլխանց ասում են՝ կին ունեմ, երեխա ունեմ, իրենց շատ եմ սիրում, չեմ բաժանվելու, բայց տավարի ցավ եմ՝ չեմ կարողանում չֆռֆռալ։ Ուզում ես՝ մնա իբրև սիրուհի։
Գոհար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից: