Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում: Մատուռ հասնելու համար ուխտավորները մոտ 3 կմ ճանապարհ են ոտքով կտրում-անցնում:
13-րդ դարի կեսին հայ եւ եզդի զորավարների նախաձեռնությամբ Սուրբ Հովհաննեսի աճյունը տեղափոխվել է Հայաստան, որից հետո էլ կառուցվել է մատուռը.
«Երբ Սուրբ Հովհաննեսի աճյունը տեղափոխել են Հայաստան, երազ են տեսել, որ պետք է այստեղ մասունք թաղեն: Հետո բերել են մասունքն այստեղ թաղել: Իրենք այս փոքր խաչն են կառուցել: Հետո իմ քեռին՝ Գեւորգ Ոսկանյանը, այդ խաչի տարածքում 1958 թվականին կառուցել է այս մատուռը»,- պատմում է Սուրբ Հովհաննես մատուռում ծառայող Վելիսոն Սիմոնյանն ու նշում, որ Սուրբ Հովհաննեսն իրեն երազ է եկել, ասել, որ հենց ինքը պետք է մատուռը պահի: Արդեն 27 տարի է, ինչ այստեղ ծառայում է. «Քեռիս էր այստեղ ծառայում: Ինքը որ մահացավ, Սուրբ Հովհաննեսն ինձ 6 անգամ երազ եկավ, որ ես պետք է գամ այստեղ: Բայց ես չէի գալիս: Յոթերորդ անգամ, որ երազ եկավ, ասաց՝ եթե չեկար իմ օջախին տիրություն անես, ուրեմն քեզ վտանգ կպատահի: Դրանից հետո ես եկա այստեղ՝ ծառայելու»:
Վելիսոնն ասում է, որ մատուռ մարդկանց հոսքը չի դադարում, գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից: Վստահեցնում է՝ եթե հավատքով են գալիս, բոլոր երազանքներն ու ցանկություններն անպայման իրականություն են դառնում. «Պետք է մաքուր սրտով գաս: Մարդիկ այս սրբին շատ են հավատում: Իրենց նպատակներն ու երազանքները կատարվել են: Հավատքով գալիս ես, նպատակդ ստանում գնում ես»:
Էդգար Սիմոնյանն ու իր հարազատները Էջմիածին քաղաքից հատուկ նպատակով ու ցանկությամբ էին եկել. «Եղբորս երեխայի համար մատաղ էինք խոստացել: Ծնողս երազ եկավ, որ պետք է այստեղ մատաղ անենք: Ու հենց այդ նպատակով էլ հասել ենք: Այս տեղն իմ մեջ ամեն ինչ փոխեց՝ միտքս, հոգիս, ամեն ինչ: Թող Աստված բոլորի նպատակներն ի կատար անի»:
2157 մետր բարձրության վրա գտնվող Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում 2005 թվականից տեղադրվեցին նաեւ խաչքարեր: Դրանք եւս հատուկ նշանակություն ունեն.
«Առաջին խաչքարը Գագիկ Ծառուկյանն է տեղադրել: Այս խաչքարերի 80 տոկոսից ավելին տեղադրվել են այն ընտանիքների կողմից, ովքեր երեխաներ չեն ունեցել: Մատուռ գալուց հետո մարդիկ երեխա են ունեցել, հետո եկել են ու որպես շնորհակալություն՝ խաչքարեր տեղադրել»,- ասում է Վելիսոն Սիմոնյանը:
Այժմ մատուռի տարածքում տեղադրված է 225 խաչքար: Վերջինը տեղադրվել է մեկ շաբաթ առաջ: