Հանգստացնող երաժշտությունը (օրինակ՝ «Weightless» Marconi Union-ը) կարող է դեղերից ոչ պակաս լավ վիրահատությունից առաջ հանգստացնել պացիենտներին՝ նվազեցնելով տագնապի աստիճանը: ВВС-ն հաղորդում է, որ այդ մասին է վկայում Փենսիլվանիայի համալսարանից գիտնականների հետազոտությունը:
Նախավիրահատական տագնապը հանդիպում է պացիենտների գրեթե կեսի մոտ և բավականին վտանգավոր է, քանի որ բարձրացնում է բարձր զարկերակային ճնշման, արյունատար անոթների նեղացման, ինչպես նաև առիթմիայի և մարմնի ջերմաստիճանի բարձրացման վտանգը:
Դրա հետևանքով վիրահատական միջամտությունից հետո մեծանում է բարդությունների զարգացման վտանգը և ապաքինման ընթացքն ավելի երկար ժամանակ է պահանջում:
Սովորաբար պացիենտների հանգստացման համար կիրառվում են բենզոդիազեպիններ, որոնք որոշ դեպքերում ագրեսիա և նյարդայնություն են առաջացնում: Մեկ այլ տարածված դեղամիջոց՝ միդազոլամը կարող է մարդու մոտ կախվածություն առաջացնել:
Գիտնականները վստահ են, որ երաժշտությունը կարող է բավականին արդյունավետ միջոց դառնալ ցավի մեղմացման և անհագստության դեմ պայքարի գործում: Սակայն կա մեկ բացասական կողմ. կամավորների մասնակցությամբ անցկացված փորձերը ցույց են տվել, որ երաժշտությունն այդքան ուժեղ չի ազդում պացիենտի վրա, ինչպես համապատասխան դեղերը:
Հետազոտողները դա կապում են նրա հետ, որ հետզոտության մասնակիցները զրկվել էին երաժշտական ստեղծագործությունները ինքնուրույն ընտրելու հնարավորությունից:
Մասնագետները պարզաբանում են. երաժշտությունն ազդում է նեյրոմեդիատորների վրա՝ քայքայելով սթրեսի կորտիզոլ հորմոնը և բարձրացնելով երջանկության դոֆամին հորմոնի կոնցենտրացիան:
Այսպիսով նրանք կոչ են անում այն դիտարկել որպես այլընտրանք նախավիրահատական տագնապայնության դեմ պայքարում:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ ամսագրում: