Թուրքական արխիվներից վերհանված Իսպանիայի թագավորի և Օսմանյան կառավարիչների փակ գաղտնի նամակագրությունից պարզ է դառնում, որ 1-ին աշխարհամարտի ընթացքում չեզոքություն հայտարարած Իսպանիայի թագավոր Ալֆոնսո 13-րդը փորձել է փրկել 1915 թվականի ապրիլի 24-ին թուրքական կառավարության կողմից աքսորված արևմտահայ մտավորականներին, այդ թվում՝ մեծանուն բանաստեղծներ Դանիել Վարուժանին և Սիամանթոյին:
Ի պատասխան Իսպանիայի թագավորի աքսորված մտավորականներին ներում շնորհելու վերաբերյալ պաշտոնական պահանջի՝ թուրքական կառավարությունը Ալֆոնսո 13-րդին կեղծ տեղեկատվություն է տրամադրել, թե, իբր, բանաստեղծներ Դանիել Վարուժանը և Սիամանթոն (հրապարակախոսներ Ակնունի Մալումյանի և Գարեգին Խաժակի հետ միասին) կալանավայրից ռազմական դատարան տանելու ճանապարհին դիմել են փախուստի և անցել Ռուսաստան: