Նրա լուսանկարներում ոչ թե հավերժացված պահեր են, այլ կենդանի, շարժուն պատմություններ։ Իդա Քարը ոչ միայն կարողանում էր տեսնել այն, ինչ սովորական դիտողի աչքից հեշտորեն կվրիպեր, այլև տեսածը`փոխանցել, պատմել իր լուսանկարներով։
Ռուսաստանում ծնված հայազգի լուսանկարչուհի Իդա Քարը համարվում է Բրիտանիայի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը, որի ֆոտոխցիկի առջև կանգնել են 20-րդ դարի Եվրոպայի ամենահայտնի արվեստագետները, այն մարդիկ, որոնք հեղափոխում էին արվեստն ու գրականությունը։ Նրան անվանում էին «բոհեմական լուսանկարչուհի». Իդա Քարին այն ժամանակների համար արտասովոր, իսկ շրջապատի համար ավելի հաճախ «աբսուրդ» մտածողներն իրենց մասին պատմություններն էին վստահում։ Ո՞վ էր նա՝ Իդա Քարը, ինչպե՞ս սովորական հայկական ընտանիքում ծնված ու մեծացած աղջիկը կարողացավ եվրոպական բոհեմի մաս դառնալ։
Իդան ծնվել է Ռուսաստանի Տամբով քաղաքում՝ Անահիտ և Մելքոն Քարամյանների ընտանիքում։ Երբ ընդամենն ութ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Իրան, այնուհետև՝ Եգիպտոս։ Ալեքսանդրիայում նա սովորեց ֆրանսիական վարժարանում, և դա ինչ-որ առումով բացեց նրա առջև Եվրոպայի դռները։ Հայրն առաջարկեց, որպեսզի Իդան մեկնի Փարիզ՝ բժշկական կրթություն ստանալու համար։ Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի բժիշկ կդառնար Իդայի նման ռոմանտիկ ու նրբազգաց ներաշխարհով մարդը, որի աչքը որսում էր ավելին, քան հնարավոր էր տեսնել։ Փարիզում նա հասկանում է, որ բժշկությունն իրենը չէ․ կիսատ է թողնում ուսումն ու սկսում զբաղվել վոկալով, հետո նաև ջութակ նվագել է սովորում։ Ասում են, որ Իդան բավականին տպավորիչ ձայնային տվյալներ ուներ։
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am