Ջո Բեռլինգերի «Ոչնչացնելու մտադրություն» (Intent to Destroy) վավերագրական կինոնկարը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, առաջադրվել է հեղինակավոր «Էմմի» մրցանակի`«Լավագույն պատմական վավերագրական ֆիլմ» անվանակարգում։ Այդ մասին հաղորդում է Asbarez թերթը։
Լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է Թերրի Ջորջի «Խոստում» կինոնկարի մոտիվներով և ուղղված է Հայոց ցեղասպանության ժխտողականության քարոզչության դեմ։ Այն առաջին անգամ էկրան է բարձրացել Նյու Յորքում` Թրայբեկի միջազգային կինոփառատոնի շրջանակում։ 2017թ–ի հոկտեմբերին ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։
«Այս ֆիլմն արժանի է «Էմմիում» հաղթանակի, քանի որ փայլուն պատմություն է։ Այն նաև հզոր հարված է ցեղասպանության ժխտմանը», – ասել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` 2018թ–ի հուլիսին ներկայացնելով ֆիլմը Վաշինգտոնում Սմիթսոնյան ազգային փառատոնում։
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել 102 տարի առաջ` Օսմանյան կայսրությունում։ Այն ներկայացնում է Հայոց ցեղասանության զոհերի և նրանց սերունդների պահանջը. նրանք մինչև հիմա պայքարում են իրենց նախնիների դեմ գործած հանցագործությունը միջազգային հանրության կողմից ճանաչելու համար։ Ֆիլմում Բեռլինգերը զրուցել է պատմաբանների, գիտնականների և հայտնի կինեմատոգրաֆիստների հետ։ Ռեժիսորը նշում է, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ նոր հանցագործություններ է ծնել։
Ֆիլմի երաժշտությունը գրել է աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը։