Monster.com ամերիկյան ռեկրուտային կայքը որոշել է պարզել աշխատավայրում սթրեսի հիմնական պատճառները: Արդյունքները բավականին լուրջ են. հարցվողների 83 տոկոսը հայտնել է, որ ժամանակ առ ժամանակ լալիս է աշխատավայրում:
CBS-ի հաղորդմամբ՝ առցանց հարցմանը մասնակցել է ավելի քան 3 հազար մարդ: Պարզ է դարձել, որ աշխատակիցների ավելի քան 45 տոկոսը լալիս է ղեկավարության, իսկ 19 տոկոսը՝ ընտանիքի և անձնական կյանքի պատճառով:
Հարցվողների 16 տոկոսը խոստովանել է, որ չի կարող թաքցնել արցունքները աշխատավայրում մեծ ծանրաբեռնվածության հետևանքով, իսկ շուրջ 13 տոկոսը՝ գործընկերների կողմից հալածանքի պատճառով: Այնուհետև աշխատավայրում լացի պատճառներից է հաճախորդի ագրեսիվ պահվածքն ու կատարված սխալը:
Ինչպես նշել է Monster.com-ի փորձագետ Վիկի Սալեմին, Գրասենյակային աշխատակիցները հիմնականում լաց են լինում՝ փակվելով հանդիպումների սենյակում կամ զուգարանում: Նրա խոսքով՝ շրջապատի կողմից արցունքներն ընկալվում են որպես թուլության նշան, սակայն եթե դուք չեք կարող զսպել հույզերը, ավելի լավ է հասկանալ խնդիրը, գտնել տեղի ունեցածի պատճառները և մտածել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները: