Marvel կինոընկերության նախագահ Քևին Ֆայգին այլևս հանդես չի գա որպես Սարդ-մարդու մասին պատմող ֆիլմի պրոդյուսեր, որովհետև չի կարողացել ֆինանսական համաձայնության գալ Sony Pictures ստուդիայի հետ, որը նկարահանել է ֆրանշիզայի հերթական մասը: Այդ մասին հայտնել է Deadline-ը:
«Մենք հիասթափված ենք, բայց հարգում ենք Disney-ի այն որոշումը, որ Ֆայգին չի կարող մնալ «Սարդ-մարդի» հաջորդ մարտաֆիլմի առաջատար պրոդյուսերը: Մենք հուսով ենք, որ նրանք ապագայում կփոխեն կարծիքը, բայց այժմ դա հնարավոր չէ: Քևինն արտակարգ մարդ է, և մենք շնորհակալ ենք նրա օգնության և ղեկավարման համար, գնահատում ենք այն ուղին, որը նա մեզ օգնեց անցնել, բայց այժմ այն ինքներս կշարունակենք»,- հայտարարել է Sony Pictures-ի ներկայացուցիչը:
Հրատարակության աղբյուրը պարզաբանել է, որ տարաձայնություններն սկսվել են փողի պատճառով: Disney-ում ցանկանում էին, որ Սարդ-մարդու մասին ապագա ֆիլմերը Sony-ն և Marvel-ը ֆինանսավորեն հավասարապես, և շահույթը բաժանեն նույն ձևով:
Սակայն Sony-ում չեն ցանկացել կիսել իրենց ամենաընդգրկուն ֆրանշիզայի դրամամուտքերը՝ առաջարկելով պահպանել նախկին պայմանավորվածությունները, որոնց համաձայն, Disney-ին բաժին է ընկնում հասույթի հինգ տոկոսը: