Ինչպե՞ս պետք է սնվի աշակերտը մտավոր ունակությունների բարելավման համար. Մանկաբույժի խորհուրդներ
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս պետք է սնվի աշակերտը մտավոր ունակությունների բարելավման համար. Մանկաբույժի խորհուրդներ

Որոշ ծնողներ իրենց աշակերտ երեխաներին մեծ քանակությամբ քաղցր ըմպելիքներ են տալիս՝ կարծելով, որ շաքարը կօգնի նրանց մտավոր ունակությունների բարելավմանը: Իրականում առողջության պահպանման և ուսման մեջ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է ոչ թե շաքար, այլ առողջ սնունդ, որի մեջ պարունակվում են սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր, պնդում է մանկաբույժ Մարի Դարակչյանը:

Մասնագետի խոսքով՝ չարժե դպրոց գնալիս երեխայի հետ դնել ոչ առողջ լանչ՝ բաղկացած քաղցրեղենից կամ կարկանդակներից: Դրա փոխարեն կարելի է հացով, եփած մսով (կամ թռչնամսով) և պանրով սենդվիչ պատրաստել, ինչպես նաև դնել կտրատած միրգ և բանջարեղեն: Այսպիսի ուտելիքը երեխային կտա ոչ թե փուչ կալորիաներ, այլ օգտակար սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի, այդ թվում՝ ուղեղի նորմալ գործունեության համար:

Իհարկե, չպետք է մոռանալ, որ Հայաստանում դեռևս շոգ է, և նման կերակուրը չպետք է սառնարանի մեջ երկար մնա, այլապես կարող է փչանալ և վտանգավոր դառնալ:

Ավելի լավ է երեխային չկերակրել երշիկով, նրբերշիկով և վերամշակված մսի այլ տարատեսակներով. մեծ թվով հետազոտություններ ցույց են տվել, որ այդպիսի մթերքներն անչափ վնասակար են՝ և ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների համար:

Չի կարելի նաև մոռանալ ջրի մասին, որը նույնպես անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ գործունեության համար. ցանկալի է երեխայի հետ դնել ոչ թե քաղցր հյութ, այլ սովորական մաքուր ջրով շիշ:

«Ծնողներն ամեն երեկո մտածում են այն մասին, թե երեխան հաջորդ օրը ինչ է հագնելու: Դրա հետ միասին անհրաժեշտ է նաև մտածել այն մասին, թե ինչ է երեխան ուտելու, և նրա համար լանչը նախօրոք պատրաստել»,- ասաց մանկաբույժը:

med.news.am