Ժերար Դեպարդիեն Բրեժնեւին կմարմնավորի «Պրահայի գարնան» մասին ֆիլմում
Advertisement 1000 x 90

Ժերար Դեպարդիեն Բրեժնեւին կմարմնավորի «Պրահայի գարնան» մասին ֆիլմում

Ժերար Դեպարդիեն համաձայնել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին մարմնավորել «Մարդկային դեմք» աշխատանքային անվանումը կրող ֆիլմում: Կինոնկարը, որը նկարահանելու է խորվաթ ռեժիսոր Լորդան Զաֆրանովիչը, նվիրված է 1968 թվականի օգոստոսյան իրադարձություններին և «Պրագայի գարնան» գլխավոր հերոսին՝ Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Դուբչեկին: «Պարոն Դեպարդիեյի հետ մենք ստորագրել ենք պարտավորագիր,- CTK գործակալությանը հայտնել է ժապավենի պրոդյուսեր Անդրեյ Լեկան:-Սեպտեմբերին մենք նրա ու իր թիմի հետ կտեսնվենք Փարիզում և կքննարկենք ֆիլմի նկարահանումների մանրամասները»:

Առայժմ ֆիլմի սցենարը պատրաստ է կիսով չափ: Ներկայում դրա հեղինակը՝ սլովակցի սցենարիստ Կարոլ Գլավկան, Պրահայում գրում է սցենարի վերջաբանը, որը պետք է պատրաստ լինի սեպտեմբերի վերջին: Պլանավորվում է, որ նկարահանումները կսկսվեն 2021 թվականին, իսկ ժապավենը մեծ էկրանին կհայտնվի 2022 թվականին: Ֆիլմի ենթադրվող բյուջեն 250 մլն կրոն է (ավելի քան 10 մլն դոլար), ինչը ֆիլմը դարձնում է սլովակցի կինեմատոգրաֆիստների կողմից երևիցե նկարահանվածներից ամենաթանկը: Առայժմ հայտնի չէ, թե ով կլինի Դուբչեկի դերակատարը: «Նրան կմարմնավորի համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններից մեկը, բայց նրա հետ բանակցությունները դեռևս չեն ավարտվել»,- հայտնել է Անդրեյ Լեկան:

Չեխոսլովակիայի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ալեքսանդր Դուբչեկը (1921-1992 թթ.) 1968 թվականի սկզբին Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետությունում (ՉՍՀ) «մարդկային դեմքով» սոցիալիզմի կառուցման կուրս էր վերցրել և ընդգրկուն ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու փորձ նախաձեռնել: Այդ ժամանակաշրջանը, որն ստացել է «Պրահայի գարուն» անվանումը, ավարտվել է 1968 թվականի օգոստոսին, երբ երկիր մտցվեցին Վարշավյան պայմանագրի երկրների (ԽՍՀՄ, ԳԴՀ, Լեհաստան, Հունգարիա և Բուլղարիա) զորքերը: Դուբչեկն ինքը դրանից հետո հեռացվեց Կոմկուսից, զրկվեց պատգամավորական լիազորություններից և ուղարկվեց Սլովակիա, որն այն ժամանակ ՉՍՀ-ի մաս էր կազմում, որտեղ մինչև 1981 թվականին կենսաթոշակի անցնելն աշխատել է անտառային տնտեսության համակարգում: Ռեժիսոր Լորդան Զաֆրանովիչը «Պրահայի գարնան» իրադարձությունների ականատեսն է եղել, քանի որ այդ ժամանակ սովորում էր Պրահայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտում (FAMU), որն ավարտել է 1971 թվականին: Ներկայում նա ապրում է Պրահայում, բայց տարվա կեսը սովորաբար անցկացնում է Խորվաթիայում: