Համացանցի յութուբյան տիրույթում օրեցօր ավելանում են տեսանյութերը, որոնցում ռուսներն ու ղազախները բացատրում են Հայաստանից մեքենա ձեռք բերելու դրական ու բացասական կողմերը: Նրանք խոստովանում են, որ կարելի է «Հայաստանից արտասահմանյան մեքենա գնել՝ Ժիգուլու գին վճարելով», նաև գնահատում են մեքենայի փաստաթղթերի ձևակերպման հեշտությունը, թեև բողոքում են երկարատև հերթերից:
Նրանք նաև հիացած են հայաստանյան ավտոշուկայի տեսականու բազմազանությամբ, կնքվող գործարքների անվտանգությամբ: Որպես բացասական կողմ նշվում է մեքենաների՝ նախկինում վթարված լինելու հավանականությունը, որը «վարպետորեն կոծկում են հայ վարպետները»: Բացասական կողմերից շեշտում են նաև ձախ կողմ տեղափոխված ղեկերը, որոնց որակի հարցը կասկածելի է, և գնված մեքենաների վերավաճառքի դժվարությունները Ղազախստանում: