Կանանց, ում ընտանեկան անամնեզում եղել են կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր, խորհուրդ է տրվում կամ սննդակարգից բացառել պանիրը կամ այն շատ սահմանափակ քանակությամբ օգտագործել, խորհուրդ են տալիս Roswell Park Cancer Institute-ից ամերիկացի գիտնականները: Նրանց խոսքով՝ վատ ժառանգականության դեպքում պանիրը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը:
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ եթե մարդկանց մեծամասնության համար կաթնամթերքի կանոնավոր օգտագործումը 15 տոկոսով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը, ապա գենետիկ նախատրամադրվածության դեպքում կոնկրետ պանրի օգտագործումը վտանգը մեծացնում է 53 տոկոսով:
Բացի այդ չի կարելի չարաշահել պանիրը, հատկապես աղի, զարկերակային հիպերտենզիայով մարդկանց, ինչպես նաև սրտի իշեմիկ հիվանդությամբ, սրտի քրոնիկ անբավարարությամբ (դեկոմպենսացիայի շրջանում հարկավոր է պանիրը ամբողջությամբ բացառել սննդակարգից): Լյարդի հիվանդությունների դեպքում պանիրը կարելի է խիստ քիչ քանակությամբ ուտել:
Աղեստամոքսային հիվադությունների սրման ժամանակ, ինչպիսիք են աղիքների հիվանդությունները, հատկապես դիարեայի նախանշաններով և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների սրման, կարցիոնիդի և հեպատիտի դեպքում, պանիրը նույնպես հակացուցված է:
Պանիր խորհուրդ չի տրվում նաև ուտել նրանց, ովքեր առապում են երիկամների հիվանդությունից. պանրում չափազանց շատ աղ և սպիտակուց կա և դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում թույլ երիկամների համար:
Ճարպակալման և 2-րդ տիպի դիաբետի դեպքում չի կարելի 30 տոկոսից բարձր յուղայնության պանիր օգտագործել:
Որոշ մասնագետներ նաև խորհուրդ են տալիս հրաժարավել այդ մթերքից նախադաշտանային համախտանիշի և միգրենի ժամանակ:
Մյուս կողմից որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ պանիրն օգնում է վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը՝ դրանով իսկ նվազեցնելով 2-րդ տիպի դիաբետի զարացումը: Բացի այդ այն նվազեցնում է «վատ խոլեստերինի» ցուցանիշները և անգամ օգնում նիհարել: Մեկ այլ հետազոտության համաձայն պանրի կանոնավոր սպառումն օգնում է նվազեցնել կաթվածի զարգացման վտանգը: