Բութանի թագավորությունն աշխարհում միակ երկիրն է, որի պաշտոնական կրոնը թաթրայական բուդդիզմն է: Դա է պատճառը, որ կառավարության գերագույն նպատակը իր յուրաքանչյուր քաղաքացուն երջանկացնելն է, ինչը ամրագրված է երկրի սահմանադրության 9-րդ հոդվածում: 2008թ. Բութանում ստեղծվել է Համընդհանուր ժողովրդական երջանկության հանձնաժողով, որի ղեկավարն է դարձել երկրի վարչապետը: Բութանում մարդահամարի ժամանակ մարդիկ պատասխանում են նաև այսպիս հարցի՝ «Երջանի՞կ եք արդյոք Դուք»: 2005թ. մարդահամարի ժամանակ բնակչության 45,2%-ը պատասխանել է՝ «շատ երջանիկ եմ», 51,6%-ը՝ «երջանիկ եմ», և միայն 3,3%-ն է խոստովանել, որ «այնքան էլ երջանիկ չէ»:
Հատկապես հետաքրքրական է, որ «համախառն ներքին արդյունք» հասկացությունը Բութանում փոխարինվել է «համախառն ներքին երջանկությամբ»: Սա աշխարհի միակ պետությունն է, որտեղ գործում է Երջանկության նախարարություն՝ երջանկությունը դարձնելով ազգային քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը:
Բութանն, իրավամբ, զարմանահրաշ երկիր է, որտեղ մարդիկ ապրում են՝ չիմանալով՝ ինչ է սովը, պատերազմը, աղքատությունը, մարմնավաճառությունը: Ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների՝ բութանցիներն առավել հյուրընկալ են, առավել բաց՝ արտաքին աշխարհի հանդեպ, ժամանակակից աշխարհը նրանց բացարձակապես չի արատավորել, և նրանք սրտացավորեն պահպանում են իրենց դարավոր մշակույթը:
Այստեղ արգելված է սպանել կենդանիներին, ուստի գրեթե բոլորը բուսակեր են: Բութանում, որտեղ բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ ու անասնապահությամբ, արգելված է քիմիական պարարտանյութերի կիրառումն, ուստի այն, ինչ աճում է այս հողում, արդեն իսկ էկոլոգիապես մաքուր է:
Մեկ այլ տարբերություն ևս մյուս երկրների համեմատությամբ՝ այստեղ անտառները չեն հատվում, ընդհակառակն, ավելացվում են: Քիչ է ասել, թե սա բուդդիզմի երկիր է, սա նաև մաքրության ու լուսավորության երկիր է:
Բութանը մինչ օրս էլ շատ քիչ է ուսումնասիրվել, իսկ հարավի և կենտրոնական հատվածների հսկայական տարածքները ընդհանրապես յուրացված չեն մարդկանց կողմից և վերածվել են հսկայական արգելոցների՝ բուսական ու կենդանական զարմանահրաշ աշխարհով: Այս ամենը հնարավոր է եղել պահպանել՝ շնորհիվ որսորդության ու ծառահատման արգելքի:
Բութանի թագավորությունն ինքն է իրեն ապահովում սննդով ու հագուստով, իսկ գործնականում երկրի ողջ բնակչությունը կրում է ազգային տարազ՝ կհո:
shabat.am