Մինչև ո՞ր տարիքն է կարելի ԱՄԲ անել. մասնագետի կարծիքը
Advertisement 1000 x 90

Մինչև ո՞ր տարիքն է կարելի ԱՄԲ անել. մասնագետի կարծիքը

Արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) տեխնոլոգիան նախկինում անհասանելի մի շարք հնարավորություններ է բացել՝ բազմաթիվ անպտուղ զույգերի թույլ տալով վերջապես ծնող դառնալ: ԱՄԲ-ի շնորհիվ մեծ տարիքում շատ կանայք են հղիացել: Օրինակ վերջերս 74 տարեկան հնդկուհին ԷԿԲ-ի շնորհիվ երկվորյակ է ծնել:

Սակայն նման պատմությունները, իհարկե, բացառություն են, քան կանոն: Իրականում, որքան երիտասարդ է զույգը, այնքան մեծ են հղիության շանսերը (եթե, իհարկե, զույգն այնպիսի խնդիրներ չունի, որոնք թույլ չեն տալիս հղիանալ նույնիսկ ԱՄԲ-ի միջոցով), և հակառակը՝ տարիքի հետ շանսերը նվազում են:

Մինչև ո՞ր տարիքն է կարելի ԱՄԲ անել.

NEWS.am Medicine-ի հետ զրույցում բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նոր ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ Հայաստանում՝ ի տարբերություն այլ երկրների, չկան օրենքներ, որոնք կարգավորում են տվյալ հարցը, այստեղ այն դեռևս բժիշկների հայեցողության տակ է:

Ձվաբջիջների կիրառմամբ արտամարմնային բեղմնավորումը խորհուրդ է տրվում մինչև 41 տարեկանը, առավելագույնը՝ մինչև 44 տարեկանը: 44-ից հետո հղիանելու շանսեր կան, սակայն շատ քիչ են, այդ պատճառով հաշվի առնելով պրոցեդուրայի բարձր գինը՝ նման տարիքում այդ պրոցեդուրային դիմել խորհուրդ չի տրվում:

Իսկ եթե զույգն օգտագործում է դոնորական ձվաբջիջներ, դրանցից ստացված սաղմերը խորհուրդ է տրվում պատվաստել մինչև 53 տարեկան կանանց (որոշ երկրներում՝ մինչև 50 տարեկան, որոշ երկրներում՝ մինչև 55)։ Ձվաբջիջների դոնորները, որպես կանոն, երիտասարդ կանայք են, և դրա համար նրանց ձվաբջիջներից լավ սաղմեր ստանալու հնարավորությունները բավական բարձր են։ Իսկ արգանդը, ինչպես ընդունված է կարծել, չի ծերանում, ուստի պտուղը կրել կարող է նաև ավելի մեծահասակ կինը, եթե, իհարկե, առողջական վիճակը թույլ է տալիս, և չկան հիվանդություններ, որոնք հաջող հղիությունն անհնար են դարձնում։

ԱՄԲ կատարել անգամ դոնորական ձվաբջիջներով սովորաբար 55-ից բարձր տարիքի կանանց խորհուրդ չի տրվում, չէ՞ որ հղիությունը լուրջ բեռնվածություն է օրգանիզմի համար, և այդ տարիքում երեխային կրելն արդեն դժվար կլինի։

Պրոֆեսոր Համբարձումյանի ամենատարեց պացիենտը, ըստ նրա, 52 տարեկան էր, երբ նրան ԱՄԲ արեցին, և 53, երբ երեխա լույս աշխարհ բերեց։ Այժմ ե՛ւ մայրը, ե՛ւ երեխան լավ են զգում։

Սակայն հղիությունը հետաձգել մինչև 40 և, առավել ևս՝ 50 տարեկանը խորհուրդ չի տրվում։ Եթե դուք հղիանալու խնդիրներ ունեք, չարժե սպասել, որ դրանք իրենք իրենց կլուծվեն. ցանկալի է դիմել մասնագետներին որքան հնարավոր է շուտ, այդ ժամանակ հաջողության շանսերը զգալիորեն ավելին կլինեն։

med.news.am